«Վախենում եմ՝ Վանեցյանը, երբ խոսա, դա դառնա ցուցմունք իր դեմ». Գառնիկ Իսագուլյան

«Որտե՞ղ պետք է ասի Արթուր Վանեցյանը ինչ-որ ինֆորմացիա, եթե ունի: Ամբողջ խնդիր հենց դա է»,-  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսպես է արձագանքում օրեր առաջ 168.am-ի «Pressing»  հաղորդաշարի ժամանակ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի արած այն հայտարարությանը, թե ժամանակը կգա, և ինքը կխոսի:

«Վախենում եմ, որ ինքը հանկարծ եթե խոսի, դա կլինի ցուցմունք ինքն իր դեմ: ԱԱԾ-ն այնպիսի կառույց է, ուր ինֆորմացիան գալիս է բազմաբնույթ, բազմատեսակ, տարբեր աղբյուրներից: Շատ կարևոր է կարողանալ դրանք համակցել, համատեղել և կարողանալ կոնկրետ, ճիշտ եզրակացություն անել:
Եթե խնդիրներ կային, Արթուր Վանեցյանը նախ և առաջ պետք է խոսեր վարչապետի հետ: Ինքը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը պետք է գնային վարչապետի հետ քննարկման, գուցե արե՞լ են, չգիտեմ: Ինֆորմացիայի այն մասը, որը ասելով, կարծում են, խնդրի լուծմանը կօժանդակեն, պետք է ասել»,- վստահեցնում է Գառնիկ Իսագուլյանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը պնդում է՝ Արթուր Վանեցյանի կյանքին վտանգ կսպառնա, եթե նա չխոսի:

«Ինչքան ուշանում են այդ հարցերի պատասխանները, այդքան դա աշխատելու է իր դեմ, եթե իրեն ձերբակալեն, հետո խոսի, կստացվի, որ ինքը գնում է ինքնարդարացման, ոչ թե ասում է բաներ, որոնք համապատասխանում են իրականությանը: Եթե խոսում է, պետք է շուտ խոսի»:

Չնայած այս ամենին, Գառնիկ Իսագուլյանին չի զարմացնում այն, որ Արթուր Վանեցյանը չի խոսում, միևնույն ժամանակ՝ նշում է, որ ԱԱԾ տնօրենը իրավունք  չունի խոսելու, կան ինֆորմացիաներ, որոնք պետական գաղտնիք են պարունակում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս