Հայկ Մարությանն անսպասելի կրկին արձակո՞ւրդ է մեկնել
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անսպասելի մեկնել է արձակուրդ:
Մեր այս տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից, վերջինս, սակայն, ասաց, որ տեղյակ չէ, կպատասխանի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս էր վերադարձել երկարատև արձակուրդից:
Հիշեցնենք, որ, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում չմասնակցեց 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին, որտեղ նաև Երևանի հաջորդ տարվա բյուջեի հարցն է քննարկվում, պատգամավորները հետաքրքրվեցին՝ ո՞ւր է Հայկ Մարությանը:
Բյուջեի նախագծի քննարկումներին մասնակցող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այդ հարցին ի պատասխան՝ ասաց, որ Հայկ Մարությանն արտերկրում արձակուրդն է անցկացնում:
Քաղաքապետն ի սկզբանե արձակուրդում պետք է լիներ մինչև նոյեմբերի 4-ը, սակայն երկարաձգել էր վերադարձը մինչև նոյեմբերի 8-ը՝ արդյունքում հանգստանալով 14 օր:
Փաստորեն, ուղիղ 20 օր անց քաղաքապետը կրկին արձակուրդում է:
Գոհար Սավզյան