ՔԿԱԳ-ում տեղեկանքների կրկնօրինակները կտրամադրվեն մեկ օրում
ՀՀ քաղաքացիների համար այսուհետ կապահովվեն ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի մասին վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման ողջամիտ ժամկետներ, իսկ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում դրանց առկայության դեպքում՝ դրանց տրամադրումը ապահովվի նույն աշխատանքային օրը, առանց լրացուցիչ գանձումների: Նախագծին հավանություն տալու մասին հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքը և քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար արտաբյուջե է վճարվում 10 հազար դրամ, իսկ 4-5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 7 հազար դրամ։ Փոփոխությունից հետո նույն օրը կտրվի, եթե տեղեկանքի թվայնացված տարբերակը կա, բայց եթե չկա տեղում թվայնացվում է դիմումի հիման վրա»,- ասաց Բադասյանը։
Նախագծի ընդունմամբ վերացվեց ակտային գրանցումների մասին տեղեկանքները և վկայականների կրկնօրինակները կարճ ժամկետում տրամադրելու համար սահմանված տուրքը, ինչը իր հերթին հնարավորություն կտա կրճատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետները և գանձվող վճարները, պարզեցնել վարչարարությունը:
ՔԿԱԳ փաստաթղթային արխիվը կազմում է մոտ 10 000 000 ակտային գրանցումներ և ներկա պահին էլեկտրոնային միասնական գրանցամատյանում արդեն իսկ թվայնացված է 2 000 000-ից ավելին: