
Քաղաքացիները լիազորված անձի միջոցով կարող են դիմել ՔԿԱԳ գրանցումները վերականգնելու համար

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ՝ լիազորված անձի միջոցով քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար դիմելու հնարավորություն սահմանելով:
ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը հաստատելու մասին» N 995-Ն որոշման Հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները տրվում են այն անձանց կողմից, որոնց վերաբերում են այդ գրանցումները: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ այս ձևակերպումը գործնականում խնդիրներ է առաջացնում, քանզի պահանջում է դիմումի տրամադրումը միայն այն անձանց կողմից, որոնց վերաբերում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները: Մինչդեռ հաճախ քաղաքացիները ցանկանում են ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումներ ներկայացնել լիազորված անձի միջոցով, իսկ տվյալ ոլորտը կարգավորող նշված հրամանը այդ հնարավորությունները չի սահմանում:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Նախագծի ընդունմամբ կապահովվի քաղաքացիների՝ օրենսդրությամբ լիազորված անձի միջոցով ՔԿԱԳ մարմիններ դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը։