«Ոչինչ հավերժական չէ». Րաֆֆի Ասլանյանը Գևորգ Կոստանյանի մասին գրառում է կատարել
ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը Գևորգ Կոստանյանի մասին գրառում է արել, որում մասնավորապես ասված է.
«Դժվար է մոռանալ, երբ դեռևս 2013 թվականին Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ և առաջադրեց կոռուպցիայից զերծ մնալու իրական պահանջը:
Իր բոլոր ոչ մասնագիտական թերություններով հանդերձ՝ նրա գործելակերպը դատախազությունում կոռուպցիայի կանխարգելման և այդուհետ նման «դավանանք» ունեցողներին ինքնությունը չպարզված հոր զավակ համարելու՝ մինչև օրս պահպանվող գործընթացի հիմք ու մեկնարկ հանդիսացավ:
Իսկ ներկայումս, նրա ենթադրյալ անհաջողությամբ հատկապես անթաքույց ուրախություն են ապրում հեղափոխական գաղափարների առաջամարտիկ և ջատագով ձևացող խրոնիկ կաշառակերները, քաղբանտարկյալի հավակնություն ցուցաբերող՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթարկված կամ այլ կերպ ինքնարտահայտված դավաճանները:
Թեև մերօրյա իրականությունն է նրանց այդպիսի առիթ ընձեռում, սակայն պետք է հիշել, որ ոչինչ հավերժական չէ, փոքր հայրենիք է, բոլորը միմյանց ճանաչում են՝ անկախ պատվերներից և հետհեղափոխական «համարձակությունից», իսկ դատավարական մեղադրանքը երբեմն հարաբերական է լինում, քանի որ իրավագիտությունը ցավոք ճշգրիտ գիտությունների շարքին չի դասվում, առավել ևս՝ հաճախ այդ մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն են ստանում նաև միջինից ցածր մտավոր պոտենցիալ ունեցող և իրենց ճանապարհը քծնանքով հարթելուն վարժված անձինք»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։