Ո՞վ է իրականում ֆեյքը. Գարիկ Սարգսյանը հերքում է ծեծկռտուքի դեպքը, հարևաններն ու վարսավիրի հայրը հաստատում են

Երեկ Արարատի մարզպետ, «կոկորդիլոս» մականունով Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում իբրև թե հերքել է վարսահարդարին ծեծելու մասին 168.am-ի հրապարակումը՝ մեզ մեղադրելով «ֆեյք» լուրեր տարածելու մեջ։ Ոստիկանությունն էլ՝ իր հերթին, հետևելով նրա հորդորին, որոշել է գնալ մեր հրապարակման հետքերով։

«Նման ահազանգ ոստիկանության ոչ մի բաժին չի ստացվել»,- Panorama.am-ին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ միաժամանակ նշելով, որ ամեն դեպքում ոստիկանությունը ծանոթ է հրապարակմանը, և կստուգվի այն։

Հիշեցնենք, վարսավիր Սերոբ Բարֆյանը, մեր տեղեկություններով, օրեր առաջ ծեծի է ենթարկվել՝ «մարզպետի կանտովկան արտահերթ չդզելու համար»։ Մեր հրապարակման մեջ գրել էինք նաև, որ երիտասարդին ծեծի ենթարկող Արմեն Դավթյանը, ով, ի դեպ, մարզպետի վարորդն է կամ նրա եղբայրը, միջադեպից հետո նաև սպառնացել է Սերոբին, թե՝ մարզպետի հայրենի գյուղ՝ Նոր կյանք, այլևս ոտք չդնես, թե չէ՝ նորից ծեծ կուտես։ Միջադեպից հետո, երկու շաբաթ է՝ Սերոբ Բաֆյանի՝ Նոր կյանքի վարսավիրանոցը փակվել է, ու նա իրերը հավաքած՝ հեռացել է մարզպետի հայրենի գյուղից՝ տեղափոխվելով հարևան գյուղ։

Ի դեպ, մեր հրապարակման հետքերով՝ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակում է պատրաստում, որում վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, հաստատում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել։

Ինչ խոսք, լավ է, որ 168.am-ի հեռախոսազանգերից մշտապես խուսափող մարզպետ Գարիկ Սարգսյանն այս անգամ արձագանքել է իր մասին աղմուկ հանած մեր հրապարակմանը և համոզում է, թե իբր ինքն էլ շահագրգռված է միջադեպի հանգամանքները պարզել։

Մենք մեր հերթին՝ հետևելու ենք այս գործի բացահայտման ընթացքին, այդ թվում՝ իրավապահների աշխատանքին և առհասարակ մարզպետի գործունեությանը։

Լավ կլիներ, իհարկե, եթե նույն հետևողականությունը բազմաթիվ սկանդալներով հայտնի հեղափոխական պաշտոնյան նույն ինքնավստահությամբ դրսևորեր նաև մեր մյուս հրապարակումների դեպքերում, որոնք դարձյալ առնչվում են իր կողմից թույլ տրված բազմաթիվ իրավախախտումների աղաղակող դեպքերին։

Ինչևէ։ Ավելորդ անգամ չտիրաժավորելով մարզպետի «հերքման» տեքստը ՝ ընդգծենք, որ պաշտոնյան հերքել է անհերքելին՝ ընդ որում, նա իր տեքստում մանիպուլյատիվ ձևով չի որոշակիացրել խիստ էական որոշ հանգամանքներ։

Օրինակ՝ Գարիկ Սարգսյանի նշյալ տեքստում չի նշվում՝ հեղափոխական մարզպետը հերքում է իր մասնակցությամբ հերթական ծեծկռտուքի՞ դեպքը, իրեն արտահերթ չսպասարկող վարսավիրի ծեծի հետ իր կա՞պը, գյուղից վարսավիր Սերոբին «վտարե՞լը», թե՞ իր վարորդ Արտակ Դավթյանի կամ եղբոր՝ Արմեն Դավթյանի առնչությունը միջադեպին։

Առաջին տպավորությամբ՝ մարզպետ Գարիկ Սարգսյանին գրվել-տրվել էր մի տեքստ, որպեսզի բարձրացած աղմուկը վախեր առաջացներ մարզպետին «հետապնդող լրագրողների» մոտ։ Մարզպետն էլ միամտաբար տարածել էր այն, թերևս, այն հաշվարկներից ելնելով, որ ծեծի ենթարկվածը կլռեր, ու դեպքը կկոծկվեր՝ Մասիսում նույն վարորդի կողմից փոխմարզպետ Տիգրան Պասիլյանի ծեծի օրինակով, լուրը չի պայթի ու չի ունենա շարունակություն։

Հիշեցնենք, սրանից մեկ տարի առաջ 168.am-ը բացահայտեց նույն մարզպետի մասնակցությամբ մեկ այլ ծեծկռտուքի կոծկված միջադեպ. Մասիսում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, Գարիկ Սարգսյանի վարորդը վերջինիս ներկայությամբ ծեծի էր ենթարկել Արարատի փոխմարզպետ Տիգրան Պասիլյանին, որից հետագայում Գարիկ Սարգսյանը նախընտրեց ազատվել՝ միջադեպից հետո լարված հարաբերությունների պատճառով։

Մամուլում հնչեղություն ստացած այդ միջադեպից ոստիկանությունը ստիպված եղավ դեպքի առնչությամբ նյութեր նախապատրաստել, հետագայում, իհարկե, սպասելի սցենարով՝ գործը փակվեց, միջադեպին չհետևեց իրավական գործընթաց ՝ բողոքի բացակայության հիմքերով:

Հավելենք, որ ծեծկռտուքի մասին մեր հրապարակումից հետո համացանցում Գարիկ Սարգսյանի համագյուղացիների բուռն արձագանքները ոչ միայն ևս մեկ անգամ հաստատում են միջադեպը, այլև մանրամասներ են հայտնում։

Սյուզի Բադոյան

 

Տեսանյութեր

Լրահոս