Բանակը մեր ամբողջ ժողովրդի հոգատարության եւ ուշադրության ներքո է. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը աշխատանքային այց կատարեց Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքներ ու ՀՀ ԶՈՒ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված սահմանապահ դիրքեր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Աննա Հակոբյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանը, պաշտոնական այլ անձինք: Աննա Հակոբյանի այցի առաջին կանգառը ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում էր, որտեղ նա զրուցեց մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։
«Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլեւ մեր ամբողջ ժողովրդի հոգատարության եւ ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ՝ գալ եւ կանգնել իրենց կողքին եւ տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, դա ուժ է տալիս, վստահություն է տալիս։ Մի բան է Երեւանում կամ քաղաքում մտածել եւ զգալ այդ ուժը, բոլորովին այլ զգացողություն է, երբ դու ունես հնարավորություն՝ լինել այստեղ, ուր այլ ոգի կա։ Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ եւ կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այն պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ, շատ ոգեւորիչ են, ու ինքը շատ կցանկանա, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեն։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ շեշտեց, որ վերջին տարիներին այստեղ շատ բան է փոխվել մեր դիրքերի ամրապնդման, պաշտպանունակության բարձրացման ու մի շարք այլ առումներով: «Այս սահմանապահ դիրքը գտնվում է բավական բարդ տարածքի վրա, երկարաշունչ ու ցուրտ ձմեռային գոտում:Բայց, ի պատիվ մեր պայմանագրային զինծառայողների, հաղթահարվում է ամեն մի դժվարություն, աստիճանաբար բարելավվում են մարտական հերթապահության, կենցաղային ու այլ կարգի պայմանները: Շատ բան է փոխվել անվտանգության ապահովման առումներով, շատ նորություններ ունենք, որոնք մնում են գաղտնի ու ենթակա չեն հրապարակման: Իսկ նմանօրինակ այցերը թեւավորում են զինվորներին, իսկ մենք դրական լիցքեր ենք ստանում նրանց ոգեւորությունից: Մեր սահմանները անառիկ են ու հուսալիորեն պաշտպանված»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Այնուհետ Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Դրախտիկ համայնքներ՝ նույն կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։
Ճամբարակ համայնքում Աննա Հակոբյանին ծրագրի շահառուներ, ամուսիններ Անժելա Ծաղկյանն ու Նվեր Սարիբեկյանը պատմեցին իրենց հաջողության պատմությունը՝ նշելով, որ կազմակերպության աջակցությամբ զբաղվում են անասնապահությամբ, ինչի շնորհիվ իրենց ընտանիքում թե՛ եկամուտներն են սկսել ավելանալ, թե՛ կենսամակարդակն է բարելավվել, թե՛ կենցաղային պայմանները։ «Կարող ենք համարել, որ ձեր ընտանիքի դեպքում առաջին քայլն է արվել՝ շատ անհուսալի վիճակից դուրս գալու համար, որը սակայն, բավարար չէ, եւ ձեր ձգտումներն այսքանով չպետք է ավարտվեն։ Ես ձեր ապագան պատկերացնում եմ որպես փոքրիկ անասնաբուծական ֆերմայի սեփականատերեր։ Կենտրոնացեք այն աշխատանքի վրա, որը դուք կարողանում եք անել, եւ վստահ եմ, որ արդյունքները սպասեցնել չեն տա»,- ընտանիքի անդամներին քաջալերեց Աննա Հակոբյանը՝ միաժամանակ խոստանալով, որ երկու տարի հետո կրկին հանդիպելու են, սակայն այդ ժամանակ ամուսիններն արդեն պետք է ընդլայնած լինեն իրենց բիզնեսն ու արդեն ունենան նոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։
Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» շահառու Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց իր հաջողության պատմությունը՝ շեշտելով, որ մասնագիտացել է խոհարարության ոլորտում, սովորել է նաեւ թխվածքներ պատրաստել եւ տորթեր ձևավորել։ Ներկա դրությամբ Զարուհին աշխատում է համայնքի դպրոցում «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության երկարօրյա ցերեկային կենտրոնի ճաշարանում, սակայն մտադրություն ունի ստեղծել իր բիզնեսը։ Երեք երեխաների մայրը սեփական ուժերով արդեն կարողացել է հարդարել բնակարանն ու գնել տան համար դռներ։ «Շատ նպատակասլաց եք, ես ձեզ տեսնում եմ որպես ապագա կին գործարար, քանի որ վստահ եմ, որ առաջին դժվարությունները հաղթահարելուց հետո հետ չեք կանգնելու եւ առաջ եք գնալու»,- ասաց Աննա Հակոբյանը։
Այցի շրջանակում Աննա Հակոբյանը եղավ նաեւ Դրախտիկի միջնակարգ դպրոցում, ծանոթացավ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ այստեղ գործող երկարօրյա ուսուցման խմբակի գործունեությանը, զրուցեց աշակերտների եւ խմբավարների հետ։
Խոսրով Խլղաթյան