ԵՄ պաշտոնյան աշխարհաքաղաքական խնդիր չի տեսնում ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմի չեղարկման վերաբերյալ հարցում
Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը աշխարհաքաղաքական խնդիր չի տեսնում Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Դևինը նշեց նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Դա ԵՄ անդամ պետությունների իրավասությունն է, և պահանջվում է, որ ԵՄ անդամ բոլոր պետությունները համաձայնության գան: Որոշ անդամ պետություններ խնդիրներ ունեն, հարցեր ունեն, ենթադրենք՝ ՀՀ քաղաքացիների հետ կապված, իրենց երկրներում նրանց երկար մնալու կամ քաղաքական ապաստան խնդրելու հետ կապված: Այս հարցը պետք է լուծել, ես չեմ կարծում, որ մենք ուզում ենք ինչ-որ բացասական վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, առավել ևս չենք ուզում աշխարհաքաղաքական հարցեր բարձրացնել: Սա հիմնված է օբյեկտիվ հարցերի վրա: Քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերն այստեղ չեն գործում»,- ասաց Դևինը:
Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատում է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ: