Գլխավոր դատախազությունում ՀԲ առաքելության հետ քննարկվել են քրգործերի կառավարման թվային համակարգի ներդրման խնդիրները
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ թվային համակարգի հնարավորինս շուտ ներդրման նպատակով արդեն նախաձեռնվել է նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվող ընթացակարգային նոր լուծումներին համապատասխանեցնելու, դրա հիման վրա տեխնիկական առաջադրանքի հստակեցման գործընթացը:
Ըստ Արմեն Հարությունյանի՝ դատախազության համար քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրումը կարևոր է հատկապես այն առումով, որ նպաստելու է դատախազական հսկողության գործառույթների իրականացման օպերատիվությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև ստեղծելու է ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նոր թվային համակարգի ներդրումն առավելագույնս նպատակային դարձնելու համար միջազգային փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև տեղի մասնագիտական շրջանակների վերապատրաստումը:
ՀԲ առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան վստահություն է հայտնել, որ քրեական դատավարության նոր օրենսգքրի մշակման գործընթացի ավարտման տեսանելի հեռանկարը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանված ժամկետներում «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրով» նախատեսված այս նախագծի վերջնական իրականացման համար: