Բաժիններ՝

ՀՖՖ տեխնիկական տնօրենը հատուկ մրցանակի է արժանացել ՈՒԵՖԱ-ի կողմից

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է Եվրոպայի մարզչական կրթության ոլորտում անգնահատելի ներդրման համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացած ՈՒԵՖԱ-ի Մարզչական կրթության 13-րդ համաժողովի ընթացքում մրցանակը հանձնել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը և ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը:

Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին: Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է: 2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս