Բաժիններ՝

«10 «Կամազ» նվիրողին է՞լ չեք հիշում». ավագանու անդամը՝ Մարությանին

«Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մի կողմ թողնենք այն, թե քաղաքապետի հայտարարությունը որքանով է համապատասխանում իրականությանը։ Խնդիրը նրանում է, որ, թեև Մարությանը փայլուն հիշողությամբ հայտարարեց, թե ՀՀԿ նախկին պատգամավոր, օլիգարխ, այսօր Նիկոլ  Փաշինյանի հետ ջերմ հարաբերություններ հաստատած և «կախարդական փայտիկի» շնորհիվ այլևս օլիգարխից գործարարի վերածված Սամվել Ալեքսանյանը (նույն ինքը՝ Լֆիկ Սամվելը) «Կամազ» ավտոմեքենաներ չի նվիրել քաղաքապետարանին, սակայն հիշողության մթագնում արձանագրվեց այն պահին, երբ նրան հարց ուղղեցին՝ կարո՞ղ եք թվարկել երեք հոգու անուն, ովքեր օգնել են քաղաքապետարանին։ Հայկ Մարությանը դժվարացավ պատասխանել, անուններ նշել՝ հարցը լղոզելով, թե՝ իր համար բոլորն էլ կարևոր են։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու նիստի ժամանակ հարցրեց.

«Մեզ զավեշտ պարգևեցիք, օրինակ՝ այն, որ չեք հիշում «Կամազ» նվիրողների անունները: Դա կարելի է վիրավորանք համարել այդ մարդկանց համար, որովհետև բարեգործ են, նվեր են տվել համայնքին, և Դուք նրանց անունները չեք հիշում: Այսօր հաղորդագրություն տարածվեց, որտեղ խոսվում էր միաժամանակ մի մարդու կողմից 10 «Կամազ» նվիրելու մասին՝ Դավթաշենում շինարարություն անող անհատի կողմից: Արդյո՞ք դա էլ չեք հիշում, և դա ճի՞շտ է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ՝ համայնքային սեփականությո՞ւն են նվեր ստացած այդ մեքենաները, թե՞ շահագործում ենք ուրիշի գույքը»:

Հայկ Մարությանը պատասխանեց. «Սփյուռում և  Հայաստանում ապրող հայրենակիցները Երևան համայնքին օգնում են տարբեր ձևով՝ տեխնիկայի, աշխատուժի, մասնագետներ տրամադրելու ձևով, և բոլորին շատ շնորհակալ եմ: Այո, չեմ կարող հիշել նվիրատվություն անող բոլոր կազմակերպությունների անունները, որոնք հաճախ տարօրինակ են հնչում: Օրինակ՝ աղբի կրիզիսի ժամանակ բազմաթիվ մեր հայրենակիցներ օգնության ձեռք են մեկնել, տեխնիկա  են տրամադրել, և բոլորին շնորհակալ եմ: Շարունակելու ենք ընդունել մարդկանցից այդ նվերները, ովքեր սեփական գործերից բացի՝ մտածում են նաև Հայաստանի, Երևանի մասին: Իսկ Ձեր ասածը, որ 10 «Կամազ» նվիրել է Դավթաշենի կառուցապատողը, նման մարդու չեմ ճանաչում:  Եվ, եթե ուզում եք իմանալ՝ որը երբ է գրանցվել, հարցում արեք, կպատասխանենք»:

Քաղաքապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Սամվել Ալեքսանյանի կողմից նվեր չի ստացել քաղաքապետարանը:

«Բայց ասեմ՝ պարոն Ալեքսանյանը, թե մեկ այլ գործարար, եթե մեզ տեխնիկա նվիրի, ինչքան շատ նվիրի, այնքան շատ շնորհակալ կլինենք: Բոլորին հորդորում եմ: Եթե մարդ կա, որ դրանից նյարդայնանում, ջղայնանում է, ես ցավում եմ նրա համար»,- հավելեց նա:

Անի Խաչատրյանն էլ նկատեց. «Ցանկացած գաղտնի բան կասկածի տեղիք  է տալիս»:

Անի Խաչատրյանի հաջորդ հարցն ուղղված էր Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին, որից  հետաքրքրվեց, թե ինչո՞ւ միաժամանակ աշխատանքից ազատվեցին գլխավոր հաշվապահն ու գնումների համակարգողը, կադրերի պատասխանատուն, և ամենազարմանալին, քաղաքն աղբից մաքրելու միակ վաստակն ունեցող՝ աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետ Աշոտ Ասատրյանը.

«Խնդրում եմ՝ բառացի ցիտեք հաշվապահի ազատման դիմումի բովանդակությունը»:

«Հիմնարկում եղել է կառուցվածքային փոփոխություն, բոլորը անցել են փորձաշրջան: Անորոշ ժամկետով պայմանագիր է եղել, այն չի երկարաձգվել: Իսկ դիմումի բովանդակությունն այն էր, որ խնդրում է իրեն աշխատանքից ազատել, մնացածը չեմ հիշում»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը:

Անի Խաչատրյանը, սակայն, ներկայացրեց դիմումի շարունակությունը՝ «Վատ են վարվում աշխատակիցների հետ,- մանրամասնեց ավագանու անդամը՝ շարունակելով,- Լուրեր են հասել, որ տենդեր շահած կազմակերպություններին գումարը ժամանակին չեք տրամադրում, նաև այն, որ ձեր աշխատակիցները Կենտրոնում բանվոր են ծեծում: Ձայնագրություններ էլ կան, թե ինչպես են բակում 18+ կռիվներ անում ձեր աշխատակիցները: Դուք էլ տարբեր տեղեր պարծենում եք՝ Ձեր թիկունքը քաղաքապետն է, մյուսներին «պրիզնատ գալու չունեք»:

«Չի համապատասխանում իրականությանը; 150 տղամարդ է, կարող են վեճեր լինել, բայց ոչ այդ մակարդակի»,- հակադարձեց Արմեն Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս