Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին, անդրադարձ է եղել նաև ատելության խոսքի հետ կապված իրավիճակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի այցը Հայաստան և մասնակցությունը ՄԻՊ հաստատության 15-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների, ներառյալ՝ ազատ խոսքի իրավունքի պաշտպանության ոլորտում և ընդգծել, որ ներկայում ՀՀ-ում մամուլի ազատությունը, արտահայտվելու ազատությունը գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում, ինչի վկայությունը նաև միջազգային կառույցների գնահատականներն են:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում համացանցում խոսքի ազատությանը և նշել, որ այդ ցուցանիշով Հայաստանն այսօր աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում: Վարչապետի խոսքով՝ սա ցույց է տալիս ՀՀ կառավարության հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու իրավունքներին, որոնց շարքում խոսքի և մամուլի ազատությունը հիմնարար նշանակություն ունի:
Հարլեմ Դեզիրը գոհունակություն է հայտնել ՄԻՊ գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու կապակցությամբ և կարևորել Հայաստանի կառավարության, ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ համագործակցությունը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր է գնահատել մեր երկրում մամուլի, խոսքի ազատության մակարդակը և ողջունել դրա ապահովման ուղղությամբ կառավարության աշխատանքը:
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակով առկա մարտահրավերներին և այդ համատեքստում մտքեր փոխանակել կեղծ լուրերի (fake news), ապատեղեկատվության, ատելության խոսքի հետ կապված իրավիճակի, դրան հակազդելու քայլերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խոսել է անցյալ շաբաթ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի լրագրողների փոխայցերի մասին, որը կարող է ծառայել փոխադարձ վստահության ձևավորմանը և ատելության խոսքի նվազեցմանը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել դրա շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանը և Հարլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել նաև լրատվամիջոցների անկախության՝ որպես մամուլի ազատության կարևոր երաշխիքի, հանրություն-կառավարություն երկխոսության գործում ԶԼՄ-ների անաչառ և համակողմանի լուսաբանման կարևորության, էլեկտրոնային հարթակների և սոցիալական ցանցերի դերի շուրջ: Քննարկվել են նշված և մի շարք այլ ուղղություններով ևս համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ համագործակցությունը՝ Հայաստանում խոսքի և մամուլի ազատության ոլորտում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հարլեմ Դեզիրը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել գործակցությունը փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների, թրեյնինգների և խորհրդատվական օժանդակության ապահովմամբ: