Սնանկ քաղաքական օրակարգի հետքերով

Ժամանակակից քաղաքական տեսություններում կարևոր տեղ է զբաղեցնում «օրակարգի ձևավորման» տեսությունը։ Քաղաքականության մեջ կարևոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թելադրել առողջ քաղաքական օրակարգ, այն, թե  ինչի մասին նրանք «մտածեն»։

Իսկ ո՞վ է Հայաստանում կարողանում «հանրային», այսինքն՝ իր օրակարգը թելադրել։ Հայաստանում քաղաքական խաղի կանոնները թելադրում են և համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորում են այն մարդիկ և ուժերը, ովքեր քաղաքականապես հասուն են և տիրապետում են կառավարման փորձին ու գաղափար են կազմում պետությունից ու պետականաշինությունից։ Ակնհայտ է, որ այսօր չկա քաղաքական օրակարգ և քաղաքական երկխոսություն, որն իր հերթին՝ տրամաբանորեն հանգեցնում է քաղաքական դաշտի նման ամորֆությանը։ Այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող քաղաքական գործընթացները հանգեցնում են որոշակի քաղաքական մեկնաբանությունների ու քննարկումների, այլ կերպ ասած՝ արհեստական հարցերի շուրջ «մինի» քննարկումների։

ՀՀ քաղաքական այսօրվա իշխանությունը, առաջին հերթին՝ չունի քաղաքական մտածողություն։ Իսկ քաղաքական մտածողության առումով, օրինակ՝ նույն խորհրդարանում հիմնականում ոչ քաղաքական մտածողության մարդիկ են, որոնք չեն կարողանում ձևակերպումներ տալ։ Իրենք անգամ դրա իրավունքն էլ չունեն, որովհետև միայն մեկ մարդ է որոշում կայացնողը։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի ուղղակի միջնորդությամբ և ատելության քարոզի «շնորհիվ» խորհրդարան չանցան օրակարգային հարցերում առանցքային դերակատարում ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։

Ինչպես հայտնի է՝ իր ելույթներում Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքը չունի «իզմեր», ինչն արդի քաղաքական զարգացումներում դժվար ընկալելի մոտեցում է, քանզի տրամաբանական է, որ խորհրդարանական պետության մեջ կարևոր է կուսակցական համակարգի կայացվածությունը։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրն» իր բնույթով որոշակիորեն հիշեցնելով նեոլիբերալ կառույց՝ ավելի թույլ լեգիտիմություն ունի լայն շերտերի համար, քանի որ ՀՀ ավանդական և պահպանողական հանրության համար դժվար ընկալելի են լիբերալ գաղափարները, նաև՝ անընդունելի։ Այսպիսով, պարզ է դառնում, որ գոնե որոշակի գաղափարախոսական հստակեցումներից կամ լայն կոալիցիաներից խուսափել Փաշինյանին առաջիկայում հնարավոր չի լինի։ Փաստ է այն, որ այսօր պառլամենտական սնանկ քաղաքականության պատճառով քաղաքական օրակարգի բացակայությունը հանգեցրել է նրան, որ քաղաքական լուրջ դիսկուրսը խորհրդարանի կամարներից դուրս է տեղի ունենում, հիմնական խաղացողներն արտախորհրդարանական ուժերն են, որոնք էլ հանդիսանում են հանրային քաղաքական դաշտում առկա խնդիրների առաջ քաշող լոկոմոտիվները։ Եթե հետհայացք ենք գցում ՀՀ վերջին 30 տարվա պատմությանը, ապա նման իրավիճակի ոչ մի ժամանակահատվածում չենք հանդիպում։ Սա խոսում է այն մասին, որ այսօր ՀՀ իշխանության կողմից ոչ մի նախաձեռնողականություն չկա, և ամեն ինչ կառուցվում է նախորդ իշխանություններին քննադատելու շուրջ։

Ապացուցման կարիք չունի այն պնդումը, ըստ որի՝ գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով՝ ամբողջովին մսխելով տարիների ընթացքում կուտակված ՀՀ ներքին և արտաքին գրեթե ողջ քաղաքական կապիտալը։

Ինչ խոսք, այս ճանապարհը հանգեցրել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի նվազեցմանը, պետական կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը: Ակնհայտ է, որ այսօր Փաշինյանն ու իր կառավարությունը չունեն պետության զարգացման հստակ տեսլական, բացակայում են առողջ քաղաքական օրակարգը, ինչպես նաև տնտեսական զարգացման իրատեսական ծրագրերը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս