Վրաստանում 2020 կամ 2021 թվականին հանրահարցում կանցկացվի ընտրական համակարգի շուրջ
Վրաստանում 2020 կամ 2021 թվականին հանրահարցում կանցկացվի խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից մեծամասնականի անցնելու հարցի շուրջ: Այդ մասին նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
«Խորհրդարանում կան մի խումբ մեծամասնականներ, որոնք հանդես են գալիս ընտրությունների մեծամասնական համակարգի անցնելու նախաձեռնությամբ: Կոնսուլտացիաների արդյունքում մենք նրանց համոզեցինք, որ մինչեւ 2020 թվականի ընտրությունները մենք չենք կարողանա քննարկել ոչ մի նոր նախաձեռնություն, բայց մենք պայմանավորվեցինք, որ նրանք կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ, բայց պայմանով, որ ընտրական բարեփոխման հարցը համընդհանուր ժողովրդական քվեարկության (հանրահարցման) կդրվի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կամ 2021 թվականի տեղական ընտրությունների օրը»,-ասել է Կալաձեն:
Ընտրությունների մեծամասնական համակարգի անցնելու գաղափարը պատկանում է «Վրացական երազանքից» խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Խունդաձեին: Վրաստանում ընտրական համակարգի փոփոխման շուրջ խոսակցություններ են տարվում ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Թեման նոր զարգացում ստացավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին խորհրդարանը չպաշտպանեց 2020 թվականին ընտրությունների համամասնական համակարգի անցնելու նախաձեռնությունը, ինչը բողոքի ընդգրկուն ակցիաների հանգեցրեց Թբիլիսիում: Ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին արգելափակեցին օրենսդիր մարմնի շենքի մուտքերը եւ հրաժարվում էին պատգամավորներին ներս թողնել, քանի դեռ չի անցկացվել օրինագծի կրկնական քննարկում: Բանն ավարտվեց նրանով, որ նոյեմբերի 18-ին հատուկ նշանակության ուժերը ցրեցին հանրահավաքի մասնակիցներին եւ խորհրդարանը բացեցին պատգամավորների համար:
Ներկայում Վրաստանի խորհրդարանն ընտրվում է խառը համակարգով: 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են համամասնական ցուցակով, իսկ 73-ը՝ մեծամասնական համակարգով: Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2020 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: