«Այդ մարդը չի հասկանում, թե ինչ է ասում». քաղաքացին՝ Հովիկ Աղազարյանի՝ աղոթելը հոգեորսություն համարելու մասին
Անհրաժե՞շտ է Հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդել հանրակրթական դպրոցներում, թե՞ ոչ: Այս հարցն արդեն երկար ժամանակ քննարկվում է տարբեր մակարդակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշել էր, որ չի հասկանում աղմուկի պատճառը, քանի որ Հայ եկեղեցու պատմությունը մտնում է Հայոց պատմություն առարկայի ծրագրի մեջ, և պետք չէ այդ երկու առարկաներն առանձնացնել:
«Իրավունք» թերթին տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր՝ այն, որ իր յոթ տարեկան թոռնիկը աղոթում է, հոգեորսություն է: Այս թեմաների մասին 168.am-ը զրուցել է քաղաքացիների հետ:
«Վարչապետը խոսում է ամեն ինչից, բայց ես չեմ լսել, որ խոսի ազգային արժեքների մասին, արվեստի, մշակույթի մասին: Ինչքան էլ պետությունն առաջ գնա, առանց քրիստոնեական արժեքների, առանց ազգային արժեքների՝ ինքը կործանման կգնա»:
«Եթե Առաքելական եկեղեցուն են հարում, չեմ կարծում, որ այդտեղ կարելի է հոգեորսություն տեսնել: Չնայած մենք եկեղեցու պատմություն չենք անցել ո՛չ դպրոցում, ոչ՛ համալսարանում, մեր տարիներին աթեիզմ էր: Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերից հանելուց առաջ պետք է հարցնել ժողովրդին: Մեծամասնությունն ինչին կողմ լինի, այն էլ պետք է անեն»:
«Այդ մարդը չի հասկանում՝ ի՞նչ է ասում: Ցավում եմ, որ այդ մարդն այդպես է մտածում»:
«Ես Հայոց եկեղեցու պատմություն անցել եմ դպրոցում, ու ծրագրում կան թեմաներ, որոնք պարտադիր է անցնել: Առարկան չի ստիպում, որ հավատան կամ չհավատան»:
«Հանելը սխալ բան է, մեր ավանդույթները պետք է պահպանվեն: Ես Հովիկ Աղազարյանին չեմ ճանաչում, բայց իր ասածը շատ սխալ է»:
«Ես դպրոցում անցել եմ Եկեղեցու պատմություն, դա հիմնականում նույն ինֆորմացիան էր, ինչ մենք անցնում էինք Հայոց պատմությունից: Բայց դեպի հոգևորը քարոզ չի եղել մեր ժամանակ»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ