
Դատախազները դարձյալ չեն լռում․ ի վերջո, ո՞րն է եղել վերարկուները պատվիրելու նպատակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե կառավարության որոշումով դատախազներին ձմեռային վերարկու եւ անձրեւանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ, եւ 2017-ին ու 2018-ին դատախազներին վերարկուներ չեն հատկացրել: Դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են. «2019 թվականի համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց»: Եւ, ահա, դատախազները դարձյալ չեն լռում:
«Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են` եթե այդ վերարկուներն իրենք ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում, ո՞րն է եղել այդ մրցույթն անցկացնելու, դրանք դարձյալ պատվիրելու նպատակը, եւ ինչպե՞ս է պատահում, որ եւ՛ 2016-ին, եւ՛ 2019-ին մրցույթը հենց նույն կազմակերպությունն է հաղթում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ Գլխավոր դատախազության վարչությունների թիվն էլ ավելացել է` 9-ից 12-ը դառնալով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: