Բաժիններ՝

Իրանի իշխանությունները կփոխհատուցեն օգտատերերի և ընկերությունների վնասը Ցանցի արգելափակումից

Իրանի իշխանությունները կփոխհատուցեն մի շարք ընկերությունների կորուստները ինտերնետ-հասանելիության սահմանափակումից, ինչպես նաեւ կխնդրեն օպերատորներին՝ օգտատերերի համար երկարացնել թրաֆիկի փաթեթների գործողությունը: Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոնին։

«Մենք կարգադրել ենք օպերատորներին՝ երկարացնել ինտերնետ-փաթեթների գործողությունը արգելափակման տեւողությանը համապատասխանող ժամանակաշրջանում»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Նա հավելել է, որ «ընկերություններին վնասի փոխհատուցումը կիրականացվի կառավարության համապատասխան որոշումից հետո»: «Կարեւոր է՝ նախ ստանալ պատճառված վնասի գնահատումը»,-նշել է նա:

Իրանի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 21-ին կարգադրել է՝ դադարեցնել ինտերնետ-կապի սահմանափակումը երկրի մի շարք տարածաշրջաններում: Այսպես, արգելափակումը չեղարկվում է Խորմոզգանի, Քերմանշահի, Բուշերի, Կումի նահանգներում, Արաք, Մեշհեդ եւ Թավրիզ քաղաքներում, ինչպես նաեւ Թեհրանի մի քանի շրջաններում: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ներկայում Իրանի մայրաքաղաքի շրջանների մեծ մասում ինտերնետ-կապը վերականգնված չէ: Նոյեմբերի 16-ին Իրանի իշխանությունները երկրում անջատել էին ինտերնետը՝ դրանից օգտվելու հնարավորությունը թողնելով միայն մի քանի առցանց ծառայությունների: Արգելափակման որոշումն ընդունվել էր բողոքի չդադարող ակցիաների ֆոնին՝ կապված բենզինի գների եռակի բարձրացման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս