Victoria’s Secret բրենդն առաջին անգամ չեղարկել է իր ամենամյա ցուցադրությունը
Victoria’s Secret բրենդը 25 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել է ներքնազգեստի ամենամյա ցուցադրությունը։ Վերջին մի քանի տարում Victoria’s Secret Fashion Show-ն շարունակում է կորցնել լսարանը: Այդ մասին գրում է Fortune հրատարակությունը՝ վկայակոչելով Ստյուարտ Բուրգդորֆերին՝ մակնիշի սեփականատեր L Brands ընկերության ֆինանսական տնօրենին:
«Թեեւ որոշակի ժամանակաշրջանում շոուն իրադարձություն էր փոփ-մշակույթի համար, բայց վերջին մի քանի տարում այն կորցրել է հանդիսականներին»,-հայտնել է Բուրգդորֆը, հավելելով, որ ցուցադրությունը ոչ մի կերպ չի ազդում առեւտրային ցուցանիշների վրա:
L Brands-ի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը կշարունակի փոխգործակցությունը բոլոր հաճախորդների հետ, բայց արդեն նոր ձեւաչափով: Բուրգդորֆը խոստացել է, որ Սուրբծննդյան տարեշրջանում Victoria’s Secret-ը կկազմակերպի ինչ-որ մի բան, որը «մասշտաբով նման կլինի նորաձեւության ցուցադրություններին»:
Վերջին տարիներին Victoria’s Secret-ի վաճառքները շարունակում է անկում արձանագրել: Այսպես, վերջին եռամսյակում դրանք 7 տոկոսով նվազել են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում 2 տոկոսով կրճատվելու համեմատությամբ: Բացառությամբ 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ոչ մեծ աճի. Victoria’s Secret-ի մանրածախ վաճառքները նվազել են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում՝ սկսած 2016 թվականի վերջից: Ինչպես նշում են փորձագետները, դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ բրենդն ավելի ու ավելի քիչ է համապատասխանում այսպես կոչված #MeToo սերնդի կանանց իդեալներին:
Առաջին անգամ 1995 թվականին անցկացված Victoria’s Secret-ի ցուցադրությունն արագորեն կուլտային իրադարձություն դարձավ ֆեշն-ինդուստրիայի աշխարհում եւ անմիջապեսէլ գրավեց միլիոնավոր հեռուստադիտողների: Ցուցադրության շնորհիվ բրենդի այնպիսի ներկայացուցչուհիներ («հրեշտակներ»), ինչպիսիք են Թայրա Բենքսը, Ժիզել Բյունդհենը եւ Հայդի Քլումը, իրենց համար ապահովեցին գերմոդելների կարգավիճակը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: