
Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ. The Wall Street Journal

Facebook-ը քննարկում է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ մոտեցման փոփոխության հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթներին ընկերության ղեկավարությունը քննարկել է քաղաքական գովազդի ընդգրկումը մեծացնելու հնարավորությունը: Այսպես, հրատարակության աղբյուրները պնդում են, որ ներկայում նվազագույն ընդգրկումը քաղաքական բնույթի հրապարակումների համար կազմում է 100 մարդ: Facebook-ի ղեկավարությունը պլանավորում է այդ շեմը հասցնել մի քանի հազարի: Հրատարակության կարծիքով՝ նման փոփոխությունն ավանդ կներդներ կեղծ տեղեկատվության տարածման դեմ ընկերության պայքարում:
Հրատարակությունը նշում է, որ գովազդի նկատմամբ Facebook-ի մոտեցման մեջ փոփոխություններ մտցնելը կօգնի խուսափել այն բանից, որ քաղաքական հրապարակումները միտված լինեն բացառապես մարդկանց փոքր խմբերին:
Ավելի վաղ Facebook-ի ղեկավար եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արտահայտվել է համանուն սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդ զետեղելու հնարավորությունները պահպանելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: