Բաժիններ՝

«Ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը և պատմությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում». Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։

Երկու երկրների վարչապետների ներկայությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն փոխանակվել են փաստաթղթերով։

Հաջորդիվ երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել Ջուզեպպե Կոնտեին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը. «Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին»,-ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ բանակցություններում անդրադարձել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում նշել է՝ բանակցություններում ընդգծել են նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը. «Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում»:

Փաշինյանը ԶԼՄ ներկայացուցիչների եղեկացրել է, որ քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը. «Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը»,-եզրափակել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն այսօր կվերադառնա Հայաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս