«Ոստիկանության ազդեցությունից պետք է դուրս լինի խոշտանգման վերաբերյալ քրգործը». փաստաբան

168 TV«Ռեվյու» հաղորդման հյուրն է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են առերևույթ ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում քաղաքացուց։ Թաթոյանը գրել է, որ այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ծանո՞թ եք արդյոք տեսանյութին, հնարավո՞ր է՝ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում բացահայտվեն մեղավորները։

– Այո՛, ծանոթացել եմ այս տեսանյութին հենց Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։ Արման Թաթոյանն իր գրառման մեջ շատ կարևոր արձանագրում էր արել՝ նշելով, որ մինչև օրս որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել այդ հանցագործության հետ կապված։

– Տեսանյութը համացանցում տեղադրվել է երեկ, առայժմ հայտնի չէ, թե երբ և կոնկրետ որտեղ է տեղի ունեցել քաղաքացու խոշտանգումը, ովքեր են եղել խոշտանգողները: ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի հանգամանքները պարզելու համար:

– Ոստիկանությունը, այո, հայտնեց, որ քննություն է տարվում, սակայն խիստ կարևոր է, որ այս գործի ընթացքի մասին առաջնային տեղեկություններ տրամադրվեն և ասվի, թե, օրինակ, որտեղ է տեղի ունեցել և ինչ տվյալներ են ձեռք բերվել։ Ոստիկանության հայտարարության հետ կապված՝ ցանկանում եմ նշել, որ, թեև ասվեց, որ հանձնարարվել է, որ ստուգումն իրականացնի ներքին անվտանգության վարչությունը, սակայն կարծում եմ՝ պետք է առավել մանրամասն ասվեր՝ ինչ վարույթի շրջանակում է քննություն իրականացվում՝ ծառայողական քննության շրջանակո՞ւմ են այդ ստուգումներն իրականացվում, թե՞ մինչև քրեական գործ հարուցելը նյութեր նախապատրաստելու համար։ Իմ կարծիքով՝ այս քրեական գործը պետք է դուրս լինի ոստիկանության ազդեցությունից, ոստիկանությունը պետք է ծառայողական քննություն անցկացնի՝ պարզելու համար ոչ միայն հանցագործությունը կատարողներին, այլ նաև այն բացթողումները, որոնց հետևանքով նման բան է տեղի ունեցել։

– Սա խոշտանգման ոչ առաջին և ոչ էլ միակ դեպքն է, 2007 թվականի ՄԻԵԴ վճիռ կա խոշտանգումների, նախադեպը չունեցող դաժան գործողությունների միջոցով ցուցմունք կորզելու մասին։ ՀՀ մարդու իրավունքների գրեթե բոլոր պաշտպաններն իրենց զեկույցներում անդրադարձել են Ոստիկանական բաժանմունքներում, կալանավայրերում բռնության դեպքերին, խոշտանգումներին: Փաստորեն խնդիրը մնում է չլուծվա՞ծ։

– Միջնադարում ինկվիզիցիայի դարաշրջանում էլ եղել են խոշտանգումներ. ես ինձ հետ բերել եմ մի քանի լուսանկար, որտեղ երևում է, թե միջնադարում ինչպես էին խոշտանգում մարդկանց։ Օգտագործում էին հատուկ գործիքներ՝ մարդկանց խոշտանգելու համար։ Հիմա կարող ենք ասել, որ որոշ կոպիտ գործիքներ փոխարինվել են հակագազով և մահակներով։ Մինչև 2015 թվականը խոշտանգումը՝ որպես հանցակազմ, չի եղել, և իրավապաշտպաններն ու իրավաբանները մինչև 2015 թվականը կարծում էին, որ նման դեպքերով պատասխանատվություն կրողներ չկան, որովհետև օրենքում համապատասխան կարգավորումը չկար, սակայն 2015 թվականից հետո, երբ խոշտանգումը որակվեց հանցանք, հիմա չկա որևէ մեկը, որ այդ հոդվածով պատասխանատվություն է կրել։ Միայն 2015 թվականին ՀՔԾ-ն ներկայացրել էր մի վիճակագրություն, ըստ որի՝ մոտ 74 դեպքով նյութ է նախապատրաստվել, 60-ից ավելի դեպքով քրգործ է հարուցվել, սակայն որևէ գործ դատարան չի հասել. մենք չունենք մեղադրական դատավճիռ. չկան պատասխանատվության ենթարկվածներ, անգամ դատարանում գործ չկա, նախաքննության փուլում գործերը կարճվում են։

– Համացանցում երեկ հայտնված տեսանյութը հայերի մասնակցությամբ առաջի՞նն էր, թե՞ խոշտանգման դեպքերով նման տեսանյութերի էլի էիք ականատես եղել։

– Ես բազմաթիվ անգամներ մասնակցել եմ խոշտանգումների վերաբերյալ սեմինարների, քննարկումների, որտեղ մշտապես խոշտանգումների մասին խոսելիս՝ ցուցադրվել են նկարներ, այս տեսանյութն այն բացառիկ տեսանյութն է, որը, կարծում եմ, կդառնա ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրյա փորձագետների համար ուսումնասիրության նյութ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս