«Երևանի բյուջեի նախագծում գրված են թվեր, որոնց տակ չի երևում, թե ինչ է». Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցություն
«Կանխատեսելիությունը 2020 թվականին ավելի մեծ է: Կանխատեսում են 107 միլիարդ դրամ բյուջե, քանի որ կարծում են, թե հավաքագրումներ ավելի շատ կլինեն: Ծախսային բյուջեն 116 միլիարդ դրամ է կանխատեսվում»,- խոսելով 2020 թվականի Երևանի բյուջեի նախագծի մասին՝ հայտնեց Երևանի ավագանիում ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Կանխատեսվող բյուջեում ԲՀԿ խմբակցության համար անհասկանալի հարցերը բավականին շատ են:
«Բյուջեն կազմելիս 3 նախադասություն չեն գրում ու քաշվում մի կողմ»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ, եթե բյուջեում նշում ես, թե հրատապ ծախսերի համար անհրաժեշտ է 350 միլիոն դրամ, չոր ու անհասկանալի չեն գրում, այն էլ այն դեպքում, երբ այդ թիվն ավելի քան 10 անգամ ավելացել է՝ նախորդ տարվա համեմատ:
Բյուջեի նախագծում ԲՀԿ խմբակցության անդամների համար բավական անհասկանալի է եղել 4-րդ կարգի վթարային շենքերի մասին գրված կետը: Նախագծում նշված է, որ 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման համար պետք է նախատեսել 90 միլիոն դրամ, և նշված է գումարի չափը, որը պետք է հատկացնել բնակիչներին վարձակալության համար:
«Յուրաքանչյուր երևանցի եթե կարդա, ոգևորություն կապրի՝ հասկանալով, որ Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերը քանդվում են, նորերն են կառուցվելու, և նույնիսկ այս բյուջեով հատկացվում է մարդկանց վարձավճարների գումարը: Որևէ մեկը չի կարող հասկանալ, թե այս ի՞նչ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին է խոսքը: Դա մանիպուլյացիա է: Գրված չէ, թե որ վթարային շենքերի մասին է խոսքը»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը՝ ավելացնելով, որ իրենք խմբակցությամբ նստել, «գցել-բռնել» են ու պարզել, որ խոսքն Արցախի 8 և Արցախի 10 շենքերի մասին է, որոնց բնակիչներն արդեն այլ բնակարաններում են ապրում, ու գումարը պարզապես հատկացվում է այդ շենքերը քանդելու համար:
Ավագանու անդամներին անհանգստացնում է նաև բյուջեի այս տարվա դեֆիցիտը, որը հատել է դեֆիցիտի թույլատրելիության 3-4 տոկոսի շեմն ու հասել է 9 տոկոսի:
«Դեֆիցիտը շուրջ 9 միլիարդ է: Պատճառը 2019 թվականին չիրականացված կամ թերի իրականացված ծրագրերն են: Գումարը եղել է, բայց չի ծախսվել»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը:
Ստացվում է, որ 2019 թվականին նախատեսված որոշակի ծրագրեր չեն կատարվել, ինչի արդյունքում էլ գոյացել է այդ 9 միլիարդը: Ավագանու անդամների հարցերին, թե ո՞րն է եղել ծրագրերի չկատարման կամ թերի կատարման պատճառը, քաղաքապետարանից հստակ պատասխան չեն տվել: Փոխքաղաքապետն ասել է, որ այդ գումարը գոյացել է նաև «Սանիթեք» ընկերության պայմանագիրը վաղաժամկետ և միակողմանի դադարեցնելու հաշվին:
Դեֆիցիտի առաջացման պատճառների մասին պատասխաններն ավագանու անդամները կունենան, երբ կհրապարակվի 2019 թվականի կատարողականը:
2020 թվականի քաղաքային բյուջեով քաղաքային իշխանությունը նաև նախատեսում է ստեղծել Կանաչապատման ՀՈԱԿ, որի մասին ավագանիում ԲՀԿ խմբակցության անդամներն իմացել են բյուջեի նախագծից միայն:
«Գիտեմ, 57 հոգով կքվեարկեն, կստեղծեն իրենց ՀՈԱԿ-ը»,- ասում է ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ շեշտելով, որ նման կառույցները պետք է ստեղծվեն ավագանու նիստում՝ անդամների որոշմամբ: ՀՈԱԿ-ի ստեղծման համար քաղաքային իշխանություններին, ըստ բյուջեի, անհրաժեշտ կլինի 3 միլիարդ 400 միլիոն դրամ: Դրա մասին նախագծում կրկին գրել են 1 տողով՝ առանց մանրամասներ նշելու:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջիկայում նախատեսում է հանդիպում Երևանի փոխքաղաքապետի հետ, ինչից հետո կհայտնեն խմբակցության վերջնական կարծիքն ու կհայտնեն իրենց վերջնական դիրքորոշումը բյուջեի նախագծի վերաբերյալ և, թե ինչպես են քվեարկելու:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ