Բաժիններ՝

Իլոն Մասքի Starship տիեզերանավի նախատիպը պայթել է Տեխասում կատարված փորձարկումների ժամանակ

SpaceX ընկերության Starship Mk1 տիեզերանավի առաջին լիամասշտաբ նախատիպը պայթել է ԱՄՆ-ի Բոկա Չիկայի շրջանի (Տեխասի նահանգ) արձակման համալիրում տեղի ունեցած փորձարկումների ընթացքում: Նոյեմբերի 20-ին այդ մասին հայտնել է Spaceflight պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել մեթանի եւ թթվածնի բաքերը կրիոգենային հեղուկով առավելագույն լցման պարագայում տիեզերանավի աշխատանքն ստուգելու ժամանակ:

Նշվում է, որ ընկերությունը չի նորոգի Starship Mk1-ը եւ միանգամից ձեռնամուխ կլինի Mk3 ավելի առաջադիմական տարբերակի ստեղծմանը: Mk1-ի նախատիպը սեպտեմբերի 29-ին ներկայացվել էր Տեխասում:

50 մետր երկարությամբ եւ ինը մետր տրամագծով տիեզերանավը պատրաստված էր լեգիրացված պողպատից: Դրա բեռնամբարձությունը 150 տոննա է: Շնորհանդեսի ժամանակ SpaceX- ի ղեկավար Իլոն Մասքը հայտարարել էր, որ տիեզերանավի առաջին ուղեծրային թռիչքը պլանավորվում է կես տարվա ընթացքում:

Starship-ը բազմակի օգտագործման տիեզերանավ է, որը նախատեսված է դեպի Մարս թռրիչքների համար եւ կտեղավորի 100 մարդ: Ինչպես ավելի վաղ բազմիցս ընդգծել է Մասքը, ինքը 2002 թվականին SpaceX-ը հիմնել է Մարսի գաղութաբնակեցման գործում մարդկությանն օգնություն ցույց տալու նպատակով: Որպես, հետազոտողներին Մարս ուղարկելու ժամանակավոր կողմնորոշիչ նա նշել է 2022 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս