«Զարմանում եմ, որ զարմանում եք, երբ ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի հայտարարություններն իրար չեն համապատասխանում». Գևորգ Գորգիսյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է

– Պարո՛ն Գորգիսյան, Զագրեբում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը,  անդրադարձավ Արցախյան հիմնախնդրին և նշեց, որ Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ՝ ի՞նչ կասեք Երրորդ նախագահի մտահոգությունների վերաբերյալ, ի՞նչ փուլում է բանակցային գործընթացը։

– Զարմանում եմ, որ  պարոն Սարգսյանն այդ մասին խոսում է, որովհետև իր ղեկավարած բանակցային գործընթացները մեզ բերեցին Ապրիլյան պատերազմ, որը քննող հանձնաժողով է ստեղծվել, և այնտեղ բազմաթիվ խնդիրներ են բացահայտվում, որոնց չլինելու պարագայում, մենք կարող է ունենայիք ավելի քիչ զոհեր,  չկորցնեինք տարածքներ։

– Դուք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ եք. այդ հանձնաժողովը ստեղծվեց 6 ամսով, 6-ից արդեն 5 ամիսը գրեթե անցել է, ի՞նչ հասցրեցիք պարզել Ապրիլյան պատերազմի հետ կապված։

– Եղել են բազմաթիվ բացթողումներ, և մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե ում կողմից են դրանք եղել։ Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանն ասելիք կունենա՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար։

– Իսկ ե՞րբ են նրան հրավիրելու հանձնաժողով։

– Ժամկետներ հայտնի չեն դեռ։

– Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այն պայմանավորված էր. եթե Ձեր հանձնաժողովը աշխատանքների ավարտին հայտարարի՝ Ապրիլյան պատերազմը պայմանավորված չէր, ի՞նչ կստացվի։

– Կստացվի, որ պարոն Փաշինյանը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն էր անում, ինչպես նա սիրում է անել։ Ընդդիմադիր պարոն Փաշինյանի և վարչապետ պարոն Փաշինյանի հայտարարությունները շատ հաճախ իրար չեն համապատասխանում, և ես զարմանում եմ, որ զարմանում եք դրանից։

– Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի տված այլ հայտարարություններն ու խոստումները վարչապետ Փաշինյանի պարագայում իրականություն չե՞ն դառնում։

– Այո՛, չեն դառնում, և դա այն թիրախներից մեկն է, որին մենք անընդհատ խփում ենք. չի կարելի այդպես շարունակել։ Սկսած կառավարության կառուցվածքը փոխելուց՝ վերջացրած անցումային արդարադատություն անելը, իրականություն չդարձավ։ Հեղափոխությունը քաղաքացիների մոտ ստեղծել է բարձր սպասումներ, որ հիմա ամեն ինչ փոխվելու է, և այդ սպասումները եղել են այդ խոստումներով՝ կարմիր գծերի, արագաչափերի վերացում, սուպերվարչապետական համակարգից հրաժարում։ Բայց եթե այդ ամենը չի արվում, դա քաղաքացիների մոտ առաջացնում է հիասթափություն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930