«Խաշմանյանն իրավունք չունի նման կերպ արտահայտվել. խաղից հետո մեզ հետ ոչ մի բառ չի փոխանակել». Հարոյան
Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայից կրած 1-9 հաշվով պարտության և նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին։
«Իտալացիների հետ հանդիպումը մեզ համար սարսափելի դասավորվեց։ Մենք շատ-շատ վատ խաղացինք։ Դա հավաքականի երկրորդ խաղն էր 5 պաշտպաններով մարտավարությամբ, և մենք միանգամից շատ վատ սկսեցինք։ 2 գոլ ընդունեցինք 1 րոպեի ընթացքում և այդպես էլ չկարողացանք ուշքի գալ։ Երբ հանդիպման ընթացքում նայեցի ցուցատախտակին՝ աչքերիս չէի հավատում։ Խաղից հետո ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Ես մինչև հիմա շոկի մեջ եմ։ Արդեն 4 օր է՝ տեղս չեմ գտնում։
Հավանաբար, ամբողջ աշխարհն այժմ խոսում է այս պարտության մասին։ Մենք չպետք է պարտվեինք նման հաշվով։ Դա անթույլատրելի է Հայաստանի հավաքականի համար, որը ունակ է պայքարել և ունի բարձրակարգ խաղացողներ։
Պատկերացրեք իմ զգացումը, երբ այդ մղձավանջից հետո դեռ չես գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, իսկ Աբրահամ Խաշմանյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ սա ազգային հավաքական չէր, այլ, պարզապս՝ հավաքական։ Այդ խոսքերից հետո մեր չարությունն էլ ավելի մեծացավ։ Ազգային հավաքականի մարզիչն իրավունք չունի նման բան ասել իր ֆուտբոլիստների հասցեին։
Այդ հավաքականում, բացի ինձանից, խաղում են նաև ընկերներս։ Երբ քեզ անվանում ես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և գալիս ու նման բաներ ես ասում՝ դա վրդովեցնող է։ Կապ չունի, թե ինչ հաշվով է վերջանում խաղը՝ 15-0, թե՝ 9-1։ Դու իրավունք չունես նման կերպ արտահայտվելու։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է աշխատել նման մարզչի հետ։ Բացի այդ, խաղից հետո մեզ հետ Խաշմանյանը չի շփվել։ Ոչ մի բառ նա մեզ չի ասել։
Հայաստանի հավաքականը մեղավոր չէ նման իրավիճակի համար։ Եթե մարզիչն ինքն է ընտրել կազմը, հրավիրել 21 ֆուտբոլիստների՝ նրանք ներկայացնում են Հայաստանի հավաքականը։ Շատ լավ գիտեմ ընտրանու բոլոր տղաներին, ովքեր պրոֆեսիոնալ, բարձրակարգ խաղացողներ են։ Լավ թիմ ենք ու հանդերձարանում հիանալի մթնոլորտ է տիրում, բայց, երբ կարդում ես մարզչի նման հայտարարություն՝ հասկանում ես, թե ինչու ամեն ինչ նման կերպ դասավորվեց։
Շփվում եմ տղաների հետ և բոլորը վրդովված են Խաշմանյանի խոսքերից, դա հստակ գիտեմ։ Վստահ եմ, որ բոլոր ֆուտբոլիստները կաջակցեն ինձ այս հարցազրույցից հետո։ Մարզիչն այդ խոսքերը հնչեցրել է իմ և ընկերներիս հասցեին։ Հայաստանի հավաքական ենք ժամանում ու խաղում, առաջին հերթին, երկրի, դրոշի, ազգի, երկրպագուների, իսկ հետո նոր միայն մարզչի և մեզ համար։ Կարող եմ ամբողջ հավաքականի անունից ասել, որ մենք յուրահատուկ վերաբերմունք ունենք ազգային ընտրանու նկատմամբ։
Այո, մենք անհաջող սկսեցինք այս ընտրական փուլը, բայց հետո կարևոր հաղթանակներ տարանք Հունաստանի և Բոսնիայի նկատմամբ։ Խմբից դուրս գալու իրական շանսեր ունեինք։ Պետք էր հաղթել Լիխտենշտեյնին և Ֆինլանդիային, բայց մենք չկարողացանք անել դա։ Ընտրական փուլի վերջին խաղում էլ խայտառակ պարտություն կրեցինք։
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստները աշխատում էին անգամ 9-1 հաշվի պայմաններում։ Հասկանում եմ, որ նման հաշիվն արդարացում չունի, բայց նման խոսքերը նույնպես արդարացում չունեն։ Դա նշանակում է, որ նա չի հարգում իր թիմին։
Ես հայրենասեր եմ, շատ եմ սիրում իմ ազգին։ Ինչ էլ պատահի՝ նվիրվում ենք հավաքականի մարզաշապիկին, բայց երբեք թույլ չեմ տա, որ նման կերպ արտահայտվել թիմի հասցեին, հատկապես, երբ տեսնում եմ, որ ընկերս լիովին տրվում է խաղին ու նվիրվում մինչև վերջ»,- ArmFootball.com-ի հածորդմամբ՝ Հարոյանի խոսքերն է մեջբերում Sport24.ru-ն։