Բաժիններ՝

Ուր հասանք․ վարչապետի՝ «սուրճ խմող» արտահայտությունից վիրավորված՝ Աշոտ Մելքոնյանը Ղազախստանից նամակ է ուղարկել կոլեկտիվին

Ղազախները շնորհակալ են, որ մեր շնորհիվ իրենց պատմությունը պահպանվել է, բայց մեր վարչապետը մեզ «սուրճ խմող» է անվանում. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ այս բովանդակությամբ նամակը, որը նա ուղարկել է Նուր-Սուլթանից։

Գրառումն՝ ամբողջությամբ, հետևյալն է.

««Հարգելի գործընկերներ, երեկ մեծ գիտաժողով էր Նուր֊Սուլթանում, զեկույց ներկայացրի «Հայ պատմիչները ղազախների մասին» թեմայով։

Այնքան հպարտ էի, որ ղազախները շնորհակալ էին մեր ազգի մեծերին, որ մեր շնորհիվ իրենց պատմությունը պահպանվել է։

Հիմա՝ հյուրանոցում նստած, լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ սուրճ խմող է անվանում։ Ուր հասանք…»։

Ղազախստանից այսօր այս նամակն է ուղարկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ ինստիտուտի կոլեկտիվին։ Նա Նուր-Սուլթանում մասնակցում է «Եվրասիական պատմական ժառանգություն․ պատմության սահմանները սկզբից մինչև մեր ժամանակները» գիտաժողովին»։

ԳԱԱ պատմության ինստիտուտը մինչ այդ մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Աշոտ Մելքոնյանին նրա զեկույցի համար շնորհվել է Ղազախստանի պետության պատմության ինստիտուտի հատուկ հավաստագիր։

Նշենք, որ նոյեմբերի 20-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած՝ «Եվրասիական պատմական ժառանգություն. պատմության սահմանները՝ սկզբից մինչև մեր օրերը» միջազգային գիտագործնական համաժողովին ներկա են եղել շուրջ մեկ տասնյակ երկրների (Ղազախստան, Ուզբեկստան, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և այլն) գիտնականներ, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի պատմության տասնյակ մասնագետներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ։

Լիագումար նիստում Ղազախստանի, Ուկրաինայի, ՌԴ մասնագետների թվում «12-15-րդ դդ. հայկական աղբյուրները Կենտրոնական Ասիայի ժողովուրդների և Ոսկե Հորդայի մասին» թեմայով զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Ինչպես Մելքոնյանի, այնպես էլ մյուս բանախոսների զեկուցումներում ընդգծվել է քննարկվող թեմայի ուսումնասիրության հարցում հայ հեղինակների՝ Կիրակոս Գանձակեցու, Սմբատ Սպարապետի, Ստեփանոս Օրբելյանի, Վարդան Արևելցու և այլոց՝ Մատենադարանում պահվող ձեռագրերի բացառիկ նշանակությունը։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ գիտական հանրության դժգոհությունն էր առաջացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած խոսքը՝ իբր Հայաստանում գիտական գործունեություն վարել՝ նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն: Ըստ նրա՝ շատ բնական է, որ երբ «նման գործունեությամբ զբաղվող որեւէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ»: «Բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով: Յոլա գնալու տրամաբանություն թույլ չենք տալու Հայաստանի ոչ մի ոլորտում»,- ասել էր Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս