Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

21.11.2019թ.-ին Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության շահերից ելնելով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի քննության այս փուլում ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս