Ֆելիքս Ցոլակյանը ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի հետ քննարկել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Նոյեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Ռուսական պատվիրակության կազմում էին նաև ՌԴ ԱԻՆ միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վ.Սոլովյովը, ՌԴ ԱԻՆ թիկունքային և տեխնիկական ապահովման դեպարտամենտի տնօրեն Ն. Եվպլովը, միջազգային համագործակցության դեպարտամենտի ռեֆերենտ Վադիմ Խասենովը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԻ նախարարի տեղակալ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության համանախագահ Արկադի Բալյանը, վարչության մյուս անդամները, Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Յուրի Պոլեշչյուկը և կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը, այլ պաշտոնատար անձինք:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով հյուրերին, կարևորեց և բարձր գնահատեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը և ռուս գործընկերների հետ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկեցին արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետագա զարգացման, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու հետ կապված:
Նախարարը նշեց, որ այս տարի ՀՀ կառավարությունը մոտ 170 միլիոն դրամ հատկացրել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի շենքային ապահովվածության բարելավմանը:
Մասնավորապես գումարը հատկացվել է ցանկապատի և ուղղաթիռային հրապարակի կառուցման, 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի, տարածքի բարեկարգման և 0,4 կՎտ մալուխային ցանցի, Էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման համար:
Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկը նշեց, որ ռուսական կողմը շարունակել է կենտրոնի տեխնիկական վերազինումը, որը շարունակական բնույթ է կրելու:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՌԴ ԱԻՆ փոխնախարարը հույս հայտնեց, որ հայ-ռուսական համագործակցությունը և՛ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի շրջանակներում, և՛ ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակների բնագավառում կշարունակեն դինամիկ զարգանալ: