
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ Արցախ ժամանած ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին։
Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նրանց ճանաչողական այցն Արցախ՝ հանրապետությունում առկա իրողությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու առումով։
Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների և դրանց ստորաբաժանումների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համակարգված և հետևողական ջանքերի կարևորությունը՝ ի նպաստ համահայկական նպատակների իրականացման։
ԱՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ներառյալ՝ Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։