«Մեսրոպ Առաքելյանի ասածը՝ Հենրիկ Մխիթարյանի մասին անհեթեթություն է, ՀՖՖ-ն այդ տեսակետը չի կիսում». Վանեցյան
«Այսօր ՀՖՖ-ի անկախ կոմիտեների նախագահներից մեկը՝ Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ, անթույլատրելի արտահայտություն, երբ հայտարարել է, թե Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը: Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը ՀՖՖ-ն չի կիսում, ընդհակառակը, դատապարտում է նման հայտարարությունը: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույ ֆուտբոլիստներից է, անգամ կասեմ՝ լավագույն ֆուտբոլիստն է»,-անդրադառնալով Մեսրոպ Առաքելյանի՝ այսօր իր ֆեյսբուքյան էջում կատարած, ապա հեռացրած գրառմանը՝ ասաց ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը:
Վերջինս նշեց, որ Հներիխ Մխիթարյանը ոչ թե միայն ֆուտբոլիստ է, այլ Հայաստանի և հայ ժողովրդւի դեսպանն է ողջ աշխարհով և իր նվիրված խաղով ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել այդ թևկապը:
Ի հավելումն Արթուր Վանեցյանի խոսքի՝ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանն ասաց, որ դա բացառապես Մեսրոպ Առաքելյանի անձնական տեսակետն է:
«Մենք այդ տեսակետը բնականաբար կիսել չենք կարող: Հենրիխ Մխիթարյանն ամբողջ աշխարհում բարձր է պահում ՀՀ դրոշը, և մենք բոլորս խոնարհվում ենք նրա առաջ»,-ասաց Արեն Մկրտչյանը:
Գոհար Սավզյան