Քիսինջերը ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական պատերազմը համեմատել է Առաջին համաշխարհայինի հետ
ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող է ավելի արմատական հետեւանքների հանգեցնել, քան Առաջին համաշխարհայինի պատերազմի հետեւանքները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
«Մեր (ԱՄՆ-ի եւ Չինաստանի) համատեղ նպատակների քննարկումը եւ հակամարտության ազդեցությունը սահմանափակելու փորձն ինձ սկզբունքորեն կարեւոր են թվում: Եթե թույլ տանք, որ հակամարտությունը զարգանա առանց վերահսկողության, ապա արդյունքներն ավելի վատ կլինեն, քան Եվրոպայում: Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել համեմատաբար աննշան ճգնաժամի պատճառով, որը չկարողացան հաղթահարել»,-հայտարարել է Քիսինջերը՝ նոյեմբերի 21-ին հանդես գալով Պեկինի տնտեսական համաժողովում, որը կազմակերպվել էր Bloomberg L.P. ընկերության կողմից:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ առայժմ ամենեւին ուշ չէ կարգավորել իրադրությունը, որովհետեւ, նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ Չինաստանը «դեռեւս գտնվում են «սառը պատերազմի» ակունքներում: Միեւնույն ժամանակ Քիսինջերը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական բանակցությունները կարող են դառնալ երկրների միջեւ քաղաքական քննարկումների սկիզբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: