Փրկարար ծառայության տնօրենը մարդկային գործոն է տեսնում «Դոլմամա»-ի տանիքում բռնկված հրդեհում
Պուշկին փողոցում տեղի ունեցած հրդեհի պատճառները պարզելու համար կիրականացվի հետաքննություն։ Այս պահին ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ, քիչ անց հրդեհը կմեկուսացնեն։ Բայց միանշանակ է, որ այստեղ մարդկային գործոնն է մեծ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։
Նա տեղեկացրեց, որ հրդեհի ամբողջ տարածքը 500 քառակուսի մետր է, որից 50 քմ մինչև հրշեջների ժամանելն այրվել էր, ևս 20մ քառակուսի մետր էլ այրվել է հրդեհաշիջման ընթացքում։
«Քանի որ շենքի տանիքն ամբողջությամբ փայտյա է, և շենքը հին է, հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են։ Այս հրդեհը երրորդ աստիճանի հրդեհ է»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այրվել է «Դոլմամա» ռեստորանի տանիքի մի մասը և հարակից շենքի տանիքն ամբողջությամբ, հրդեհն առաջինը նկատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, նա անմիջապես զանգահարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, որից հեջտո դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները։
Զվարթ Խաչատրյան