
Նիկոլ Փաշինյանը Միլանում ներդրումային ընկերությունների հետ մասնակցում է աշխատանքային ճաշի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլանում գտնվող «Mediobanca» ներդրումային բանկի գրասենյակ, որտեղ նախատեսված են հանդիպումներ, աշխատանքային ճաշ և բիզնես ֆորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, ՀՀ վարչապետին դիմավորեց իտալական «Mediobanca»-ի նախագահ Ռենատո Պալիարոն: Աշխատանքային ճաշին հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:
Իտալական կողմից մասնակցում են իտալական «Mediobanca»-ի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca»-ի «Corporate and investment banking»-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca»-ի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Mediobanca»-ի «Corporate and investment banking»-ի համանախագահ Ֆրանչեսկո Կանցիոներին, «F21 Sgr» ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ռենատո Ռավանելին, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, «Terna»-ի գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, «Terna»-ի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկիա Տորկիան, Հայաստանում Իտալիայի դեսպան Վիչենցո Դել Մոնակոն:
Հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված չէ: Աշխատանքային ճաշից հետո կմեկնարկի բիզնես ֆորումը:
ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել է Միլան, հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումների շարքը նաև Հռոմում:
Շանթ Խլղաթյան