«Հնարավոր է՝ Մանվել Գրիգորյանի և կնոջ գործերն առանձնացվեն». Լևոն Բաղդասարյան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նոյեմբերի 19-ի դատական նիստին գեներալի վիճակը կրկին վատացել է: Փաստաբանները շարունակում են պնդել, որ նրա նկատմամբ խոշտանգում է տեղի ունենում: Երկար դադարից հետո Մանվել Գրիգորյանը մասնակցում էր արդեն 2-րդ դատական նիստին:
«Դատարանը հրաման է արձակում՝ հիվանդանոցից Մանվել Գրիգորյանին բերեք դատարան, բերում են՝ բժիշկների ուղեկցությամբ: Ընդամենը 2-3 րոպե հետո Մանվել Գրիգորյանի շնչառությունը սկսեց վատանալ: Բժիշկներն ահազանգեցին, որ այնպիսի վատթարացում է գնում, որ արհեստական շնչառությունն էլ չէր բավարարում, ներարկումներ արեցին, տեղափոխեցին հիվանդանոց: Տոտալ խոշտանգում է գնում»,- ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մանվել Գրիգորյանին բուժող բժշկից դատական պրոցեսին մասնակցելու անկարող լինելու մասին գրություն ստանալուց հետո տեղեկացրեց, որ, եթե հաջորդ նիստին կրկին նույն վիճակը ստեղծվի և հնարավոր չլինի շարունակել, ապա կքննարկի Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործն ամուսնու գործից առանձին քննելու հնարավորությունը:
«Մի դեպքում ասում է՝ հիվանդություններն այնպիսին են, որ կալանքը կարող է շարունակվել, մի դեպքում ասում է՝ հիվանդություներն այնպիսին են, որ չի կարողանում ներկայանալ դատական նիստին, ուստի իր մասը պետք է անջատեմ ընդհանուր գործից: Սա է այն արդարադատությունը, որը տեղի է ունենում Հայաստանում»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Թե ինչպե՞ս է առանձնացվելու Մանվել Գրիգորյանի գործը Նազիկ Ամիրյանի գործից, Լևոն Բաղդասարյանն իրավական հարթության վրա չի պատկերացնում: Ասում է՝ այդ գործերը փոխկապակցված են, իսկ այս նախաձեռնությամբ փորձ է արվում մեկ գործով մի քանի օր շուտ վճիռ կայացնել:
«Վարչապետը երեկ հայտարարեց՝ «Այն իշխանությունը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է ժողովրդի համար և պետք է հեռանա»: Սա վերաբերում է նաև դատական իշխանությանը: Մանվել Գրիգորյանի գործը քննող դատարանը, որը հայտնի է թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք «վա՜յ արդարադատություն» իրականացնելով, պետք է ընդունի նոր Հայաստանի կանոնները և ընտրովի արդարադատություն չիրականացնի: Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբանները դարձել են կամիկաձեներ՝ բարձրաձայնում ենք անօրինականությունների մասին, բայց մնում է անհետևանք»:
Հարցին՝ կկարողանա՞ Մանվել Գրիգորյանը ներկա գտնվել մյուս դատական նիստերին, Լևոն Բաղդասարյանը դժվարանում է պատասխանել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ