Բաժիններ՝

Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի կողմից Պաղեստինի «օկուպացմանն» օգնելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի բնակարանաշինական գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարության կապակցությամբ Վաշինգտոնին մեղադրել է պաղեստինյան տարածքների «օկուպացմանն» օգնելու մեջ։

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարությունը… մեկ անգամ եւս հաստատում է ԱՄՆ-ի մասնակցությունը պաղեստինյան տարածքների «օկուպացմանը» եւ ի ցույց է դնում այդ ռեժիմի հանցագործությունները Պաղեստինում»,-ասված է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարության մեջ:

Մուսավին նաեւ կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ հակազդել Իսրայելի բնակարանաշինական գործունեության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ Փոմպեոյի հայտարարությունը որակելով միջազգային իրավունքի բացահայտ խախտում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:

Իսրայելում ողջունել են սույն որոշումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չէ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին:

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական է միջազգային իրավունքին համապատասխան եւ խարխլում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու եւ կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը, ինչպես դա հաստվատված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձեւով»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս