«Ապրիլյան հարցերով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը դեռ չի քաղաքականացվում». Վովա Վարդանով

«Ակտիվության սեզոնը մոտենում է ավարտին: Հիմա երկու կողմերն էլ՝ թե՛ մերձկասպյան թուրքերը (ադրբեջանցիները), թե՛ մերոնք, փորձում են զեկուցել իրենց հրամանատարներին, թե ինչ են արել: Տեղ կա, որ լարվածությունը մի քիչ պահպանվում է, ու դա նրա պատճառով, որ մենք մեզ թույլ չենք տալիս հակահարձակումներ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Ըստ հետախույզի՝ հայկական կողմը սահմանին ակտիվ գործողություններ չի ձեռնարկում, փոխարենը՝ մշտադիտարկում արվում է:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանը՝ Վ. Վարդանովն ասաց, որ տպավորություն ունի, թե հանձնաժողովը փորձում է օբյեկտիվ լինել ու չքաղաքականացնել գործընթացը:

«Դեռևս ես չեմ տեսնում քաղաքականացված գործողություններ: Եթե հանձնաժողովի նախագահը կամ որևէ անդամ լրագրողի սադրիչ հարցերին կարող է ինչ-որ տեղ քաղաքականացված պատասխան տալ, հանձնաժողովի աշխատանքների մեջ դեռ քաղաքականացում չի երևում: Իսկ դա արդեն լավ է»,- ասաց Վարդանովը:

Հետախույզը վստահ է, որ հանձնաժողովը մի հարցի չի կարողանա պատասխան տալ: Դա, ըստ նրա, բանակի կառուցվածքային խնդիրն է: Ասում է՝ բանակը պետք է ձևափոխվի հեղափոխականորեն:

«Կտրուկ փոփոխություններ անել պետք է, դրա անհրաժեշտությունը երևաց Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նախորդ իշխանությունները ևս բարելավման լուրջ փոփոխություններ արեցին: Դա ազգ-բանակ կոնցեպտ ստեղծելն էր: Բայց դրա ակտիվ շարունակությունը չենք տեսնում»,- ասաց հետախույզ Վովա Վարդանովը՝ նկատելով, որ կարևոր է նաև ակտիվ ռեզերվի ստեղծումը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  

Տեսանյութեր

Լրահոս