
Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով, կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը»,- նշված է որոշման մեջ:
Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, փոխնախարարներ և այլ պաշտոնյաներ: