Կառավարությունը հավանության արժանացրեց դատավորների բարեվարքության գնահատման մասին օրինագիծը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դատավորների բարեվարքության գնահատման վերաբերյալ օրենքի նախագծին: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հերթական գործողությունն է, որը միտված է անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ և արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականին, որը սահմանել ենք ռազմավարությամբ: Նախագծի հիմնական նպատակն է՝ ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար, հետևյալ դրություններով՝ գույքային դրության ստուգում, արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն, որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն»,- ասաց Բադասյանը:

Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար պատասխանատու է լինելու Բարձրագույն դատական խորհուրդը:

Հիշեցնենք, որ վայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Տեսանյութեր

Լրահոս