
Կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունները 2020 թ. կկատարվեն պետական աջակցության շրջանակում

Հայաստանի Հանրապետությունում կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունները 2020 թ. կկատարվեն պետական աջակցության շրջանակում: Այս մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 21-ի նիստում: Այն կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրները լուծելու անհրաժեշտությունից: Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, որովհետև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,- ասաց Բաթոյանը:
Որոշման նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկան երեխաների համար անվասայլակների տրամադրման ժամկետը սահմանել 2 տարի՝ 3 տարվա փոխարեն։