ՀՀ-ում ՄԹ նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանություն

Նոյեմբերի 8-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը տեսաուղերձ էր տարածել, որում Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը տեղեկացնում էր, որ ղեկավարելու է դեսպանատան թիմի աշխատանքը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ պաշտոնական հայտարարություն եղավ բրիտանական կողմից, թե ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվելու հայազգի դիվանագետ Ալան Անդրանիկ Գոգբաշյանը՝ փոխարինելով Ջուդիթ Ֆարնուորթին:

Ավելի ուշ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը հայտարարություն տարածեց, թե Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։

«Պարոն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»,- ասված էր հայտարարության մեջ:

168.am-ը հարցում ուղարկեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանություն՝ պարզելու արդյո՞ք ՀՀ-ում ՄԹ դեսպանի նշանակման հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան, և արդյո՞ք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում կան խնդրահարույց հարցեր, գուցե Ամուլսարի խնդիրը երկկողմ հարաբերություններում որոշակի խնդրահարույց իրավիճա՞կ է ստեղծում:

Ի պատասծան մեր հարցման՝ ՄԹ դեսպանությունից արձագանքել են. «Ի պատասխան Ձեր գրության հայտնում ենք․

– Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերություններում փոփոխություն չկա։ Միացյալ Թագավորությունը գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի կառավարության հետ։ Մենք ավելի քան 25 տարվա սերտ համագործակցություն ենք ունեցել և ակնկալում ենք է՛լ ավելի ամրապնդել մեր երկրների միջև կապերը գալիք տարիներին։

– Նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի։ Մինչ այդ, ավագ դիվանագետ պրն Դեյվիդ Մորանի նշանակումը որպես Գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպանի աստիճանով, վկայում է ՄԹ-ի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարևորման մասին»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ իր հերթին 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց. «ՀՀ-ի և Միացյալ Թագավորության երկկողմ օրակարգում խնդրահարույց հարցեր չկան երկկողմ օրակարգում խնդրահարույց հարցեր չկան, առկա է և ամրապնդվում է բազմաթիվ ոլորտներում ակտիվ համագործակցություն»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս