«Բոլորը տեսնում են՝ որտեղ են մենք այսօր գտնվում, մենք գտնվում ենք տարբեր ճակատներում Իրանի դեմ արշավի թեժ շրջանում». Նաթանյահու
Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցի կողմից նախագահին մանդատի վերադարձումից հետո վերստին հայտարարել է միասնության կառավարություն կազմելու շուրջ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին: Չորեքշաբթի ավելի վաղ Գանցը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին վերադարձրել է կառավարություն ձեւավորելու մանդատը։
«Իսրայելը միասնության կառավարության կարիք ունի: Բոլորը տեսնում են՝ որտեղ են մենք այսօր գտնվում, մենք գտնվում ենք տարբեր ճակատներում Իրանի դեմ արշավի թեժ շրջանում: Հանուն Իսրայելի անվտանգության, հանուն ժողովրդի կամքի, հանուն ներքին հաշտության մենք պարտավոր ենք կազմել միասնության կառավարություն»,- ասել է Նաթանյահուն տեսաուղերձում:
Մինչ այդ Նաթանյահուն եւ Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ, ինչի մասին Նաթանյահուն հայտնել է Twitter-ի իր էջում: Նոյեմբերի 21-ի կեսգիշերին լրացել է օրենքով Գանցին հատկացված 28-օրյա ժամկետը կառավարական կոալիցիա կազմելու համար: Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը փորձել է կաբինետ կազմել Նաթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց, ինչից հետո նա մանդատը վերադարձրեց երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Եթե «Կահոլ-Լավանի» առաջնորդին չհաջողվի կառավարություն ստեղծել, կսկսվի օրենքով նախատեսված 21-օրյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Կնեսետի (խորհրդարանի) 120 պատգամավորներից յուրաքանչյուրը կկարողանա փորձել հավաքելու 61 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի նախագահը հենց նրան հանձնարարի կոալիցիայի կազմումը: Եթե դա նրան չհաջողվի անել, ապա երկրորդ անընդմեջ կրկնական ընտրություններն Իսրայելում կնշանակվեն երեքշաբաթյա ժամկետի լրանալուց 90 օր անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: