Թուրքիայում բնական գազի պաշարներ են հայտնաբերվել
Թուրքիայի Թեքիդաղ նահագի Մուրաթլը շրջանում կատարվող որոնողահետախուզական աշխատանքների շրջանակներում 286 մլրդ խմ ծավալով բնական գազի պաշար է հայտնաբերվել: Դրանք հայտնաբերվել են Յուքարըսըրթ գյուղի դաշտերում նորվեգական «Equinor» ու կանադական «Valeura» ընկերությունների կատարած աշխատանքների ժամանակ: Նույն այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև հիդրոկարբոնի զգալի պաշարներ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Աղբյուրի համաձայն՝ Յուքարըսըրթի գյուղապետը հայտնել է, որ շրջանի այլ հատվածներում ևս հայտնաբերվել են գազի պաշարներ, սակայն դրանց ծավալների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հրապարակվում:
Հայտնաբերված գազի պաշարները հավասար են Թուրքիայում 5 տարում սպառվող բնական գազի ծավալին: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում տարեկան սպառվում է մոտ 50 մլրդ խմ գազ:
Նշվում է, որ որոնողական աշխատանքները շրջանի գյուղերում շարունակվում են: Գազի պաշարների հայտնաբերումից հետո գյուղի հանդամասերի գներն աճել են ավելի քան 5 անգամ, իսկ հարակից գյուղերինը՝ 40 տոկոսով: