Բիլ Գեյթսի հետ կապված ստարտապը բեկումնային հաջողության է հասել արեւային էներգետիկայում
Heliogen ստարտապը, որի ներդրողներից մեկը գործարար Բիլ Գեյթսն է, հայտարարել է, որ բեկումնային հաջողության է հասել արեւային էներգիայի օգտագործման բնագավառում՝ ստեղծելով էներգետիկական կայանք, որը կարող է ջերմություն արտադրել Ցելսիուսի ավելի քան 1000 աստիճանով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Ընկերությունում պարզաբանել են, որ ստեղծել են կայանք, որը բաղկացած է բազմաթիվ հայելիներից, եւ կառավարվում է արհեստական ինտելեկտի կողմից, ինչի շնորհիվ համակարգը կարող է բարձր ճշգրտությամբ փոխել արեւի ճառագայթները ֆոկուսավորող հայելիների դիրքը եւ արտադրել ավելի քան 1000 աստիճանի ջերմային էներգիա, ինչը կազմում է Արեգակի մակերեւույթին ջերմաստիճանի մոտավորապես մեկ հինգերորդ մասը:
Տվյալ դեպքում բեկումն այն է, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ կուտակված արեւային էներգիան կարող է օգտագործվել ցեմենտի, պողպատի, ապակու արտադրության մեջ եւ արդյունաբերական այլ գործընթացներում, նշում է CNN-ը: Այս «կանաչ» տեխնոլոգիան կկարողանա փոխարինել հանածո վառելիքով աշխատող գործարաններին, որոնք ջերմոցային գազեր են արտանետում մթնոլորտ, ինչն իր հերթին զգալիորեն կբարելավի բնապահպանական իրադրությունը մոլորակի վրա: Այսպես, էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ ցեմենտի արտադրության պատճառով մթնոլորտում է հայտնվում ամբողջ աշխարհում ջերմոցային գազերի արդյունաբերական արտանետումների ընդհանուր քանակի 7 տոկոսը:
Նախագծի մյուս հայտնի ներդրողների թվում, Microsoft-ի հիմնադրից բացի, տեղ է գտել միլիարդատեր եւ Los Angeles Times հրատարակության սեփականատեր Պատրիկ Սինսյանը: «Բիլը եւ նրա թիմը իրոք սանձահարել են Արեգակը»,-հայտարարել է բիզնեսմենը CNN-ին:
Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիան հսկայական ներուժ ունի ինչպես բիզնեսի, այնպես էլ ամբողջ մարդկության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: