
ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում

Եվրամիությունը 2014 թվականից ընդհանուր առմամբ 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Մատի Մաասիկասը՝ Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ։
«2014 թվականից ԵՄ-ն աջակցության աննախադեպ փաթեթ է մոբիլիզացրել 15 մլրդ եվրոյի դրամաշնորհային եւ փոխատվական միջոցների չափով՝ բարեփոխումներին աջակցելու համար»,-ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերել է տնտեսության՝ գործնականում բոլոր ճյուղերին՝ տրանսպորտին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, օդային տրանսպորտին:
Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան հայտարարել է, որ Ուկրաինան պահպանում է Եվրոպական միության վարկի հերթական մասնաբաժինը մինչեւ ընթացիկ տարվա վերջն ստանալու հնարավորությունը: Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային մնացել է կատարել այն ստանալու 12 պայմաններից միայն մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: