«Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». ցույց Սորոսի գրասենյակի առջև
ՎԵՏՕ հասարակական- քաղաքական շարժման անդամներն այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի (առավել հայտնի՝ որպես Սորոսի գրասենյակ) առջև ակցիա էին անցկացնում «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից» կարգախոսով: Ոստիկանները թույլ չտվեցին ցուցարարներին գրասենյակին մոտենալ: ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ոստիկանները պատասխանեցին, որ արգելքը հասարակական կարգի պահպանության, գրասենյակի և հարակից շենքերի բնակիչների ելքն ու մուտքն ապահովելու համար է:
Նարեկ Մալյանը պնդում է՝ սորոսականները պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգով։
«Նիկոլ Փաշինյանի՝ Սորոսի գրասենյակի կողմից պատանդառությունը երևում է հենց այսպես, որևէ այլ գրասենյակ Հայաստանում այսպես չի պաշտպանվում: Մենք որևէ ապօրինի բան չենք ձեռնարկել, խաթարվում է մեր՝ խաղաղ ցույց անելու իրավունքը:
Մեզ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու ճանապարհին կուտակել է քաղաքական պարտքեր, որոնք փորձում է վճարել հանրային առողջության և մեր պետականության միջոցով:
Սրանից տուժում ենք բոլորս, անկախ նրանից՝ կո՞ղմ ենք Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ: Եթե պետությունը փլվի, մենք բոլորս ենք մնալու այդ փլատակների տակ: Այդ պատճառով քաղաքական առաջնահերթություն է Նիկոլ Փաշինյանին ազատել Սորոսի ճիրաններից և թողնել նրան մաքուր հայկական օրակարգի մեջ»,- ասաց Նարեկ Մալյանը:
168.am-ի հարցին, թե ի՞նչ պարտքերի մասին է խոսքը, և ինչպե՞ս պետք է դրանք վճարել, Նարեկ Մալյանը պատասխանեց, որ դրանք վճարել պետք չէ, պետք է զրոյացնել:
«Մենք չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը մարի այդ պարտքերը, մենք օգնելու ենք, որ «քցի» պարտատերերին, պարտք մարելու պրոցեսը հանրային առողջության հաշվին է կատարվում: Նիկոլ Փաշինյանը քաղաքական պարտքեր է կուտակել և հիմա դրա դիմաց կացինը վերցրած գալիս-ասում են՝ «մի ձագ էլ գցիր ցած, թե չէ գնամ կացինս բերեմ ծառդ կտրեմ»»,- ասաց Նարեկ Մալյանը:
Ի պատասխան մեր հարցին, թե որո՞նք են այդ ձագերը, Նարեկ Մալյանը մատնանշեց Հայոց լեզու, գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրերում ոչ մասնագիտական ֆակուլտետների համար կամընտրական դարձնելը, տրանսգենդերի մասին ֆիլմը ֆինանսավորելը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձերը:
«Այս հիմնադրամը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Այս գործի համար հայտարարում ենք համապետական մոբիլիզացիա: Ես այժմ զբաղված եմ մի շարք դռներ թակելով, վռնդում են, նորից եմ թակում: Պատրաստ եմ թակել իշխանական ուժերի դռները, եթե իրենց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ իշխանությունը պահելու համար պետք չէ համագործակցել «սատանայի» հետ: Պատրաստ եմ օգնել յուրաքանչյուր մարդու իշխանությունից՝ փրկվելու Սորոսի գրասենյակի քայքայիչ ազդեցությունից»:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում դա անել, Նարեկ Մալյանը պատասխանեց, որ արդեն առաջընթաց ունեն, և հանրությունն արդեն գիտի, որ Սորոսի հիմնադրամի գոյությունը թաքցվել է տարիներ շարունակ: ՎԵՏՕ-ի ղեկավարն ասում է՝ գրասենյակն արդեն ավելի քան 20 տարի գործում է, բայց հիմա են խոսում այս մասին, քանի որ գրասենյակն իշխանություն է ստացել:
«Մարդիկ հասկացել են , որ բացի հայկական օպրակարգից, կա նաև այլ օրակարգ, որն ամենևին կապ չունի հայի հետ, հայանպաստ չէ, այն ընդվզումը, որը կետային առաջանում է, անհնար էր 6 ամիս առաջ պատկերացնել: Կամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Սորոսի գրասենյակի խամաճիկը դառնալու անպատվաբեր գործից, կամ ստանձնում է պատասխանատվությունը նրանց որոշումների՝ դրանից բխող հետևանքներով»,- ասաց Նարեկ Մալյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ