«Տուրիստական կազմակերպությունը շատ լավ հասկանում է դա և ազատորեն շարունակում է իր խաբեությունը». փաստաբան Դիանա Գրիգորյան

«Տուրիզմի ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է առկա, պետությունը պետք է դա վաղուց իրականացներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը՝ անդրադառնալով տուրիզմի ոլորտում օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը:

Փաստաբանի խոսքով՝ առկա օրենսդրական դաշտը չի ապահովում տուրիզմով զբաղվող տնտեսվարողների և սպառողների իրավունքի իրացումը. «Այդ պատճառով դաշտում խաբեությունների համար լայն հնարավորություններ են առաջացել: Դրա վառ ապացույցն ամռանն ավելի քան 100 ՀՀ քաղաքացու Եգիպտոսում հայտնվելն էր, երբ պետությունն իր վրա վերցրեց այդ բեռը և ապահովեց մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան՝ կրկին ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին: Այսինքն՝ մի տնտեսվարող սուբյեկտ խաբեության արդյունքում հարստացավ, մեկ այլ սուբյեկտ, այս դեպքում՝ հարկատուներս, դրա համար ստիպված եղանք վճարել: Բայց սա միայն այդ դրվագով չի սահմանափակվում: Օրինակ՝ «Հայկական Երուսաղեմ» կազմակերպությունը, որն իրականացնում է տուրեր դեպի Երուսաղեմ, իմ գնահատմամբ՝ ևս զբաղվում է խաբեությամբ, որովհետև ուխտավորների հետ կնքում է պայմանագրեր և պարտավորվում ապահովել նրանց կեցությունը 4-աստղանի հյուրանոցում՝ պատշաճ սնունդով, բայց իրականում նրանց ապահովում է 2.5 աստղանի հյուրատներով՝ ոչ պատշաճ սննդով: Նրանք չեն էլ մտածում այդ գումարները վերադարձնելու մասին: Եվ Երուսաղեմում հայտնված ուխտավորները ստիպված են ենթարկվել այդ կազմակերպության կամայականություններին, իրենց վճարած գումարների դիմաց ծառայություն չստանալ»:

Նման իրավիճակներում հայտնված քաղաքացիները, նրա խոսքով՝ հետագայում չեն սկսում իրավական գործընթաց՝ հաշվի առնելով այն դատական գործընթացը, որը պետք է անցնեն, և դրա համար անհրաժեշտ ծախսերը. «Օրենքը նրանց պաշտպանում է, կարող են իրենց գումարները հետ պահանջել, բայց մեխանիզմներն են ոչ իրավաչափ: Այդ նույն քաղաքացին անհամաչափ ծախսերի և մեխանիզմների պեպք է դիմի, ենթադրենք՝ իր 500 դոլարը պահանջելու համար: Որպեսզի այդ գումարը հետ պահանջի, քաղաքացին 2 տարի դատական պրոցեսներում պետք է պայքարի մեջ մտնի, պետք է ունենա փաստաբան, և դրան համարժեք գումարի չափով կլինեն փաստաբանական ծախսերը: Դրա համար քաղաքացիները նախընտրում են լինել խաբված, դատական պայքար չսկսել, իրենց խախտված իրավունքները չվերականգնել, որը պարարտ հող է ստեղծում նման տուրիստական կազմակերպությունների համար: Տուրիստական կազմակերպությունը շատ լավ հասկանում է, որ, եթե խաբի տուրիստին, նա 350 դոլարի համար դատական գործընթաց չի սկսելու, և ազատորեն շարունակում է իր խաբեությունը»:

Փաստաբանը շեշտեց՝ պետք է ներդրվի լիցենզավորման ինստիտուտ, որ բոլոր տուր-օպերատորները գործունեություն իրականացնելուց առաջ ունենան տուրիստական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն. «Այն կազմակերպությունը, որը չունի թույլտվություն, չպետք է զբոսաշրջության ոլորտում որևէ գործունեություն իրականացնելու իրավունք ունենա: Միևնույն ժամանակ, ոլորտի կարգավորման երաշխիք կարող է լինել նաև տուրիստական գործակալների և օպերատորների պատասխանատվության ապահովագրությունը, որպեսզի քաղաքացին այլևս չընկնի դատական քաշքշուկի մեջ: Քաղաքացին իրեն խաբած տուրիստական գործակալի կամ օպերատորի պատասխանատվությունն ապահովագրած կազմակերպությանը միանգամից պահանջ կներկայացնի, կստանա իրեն պատճառված վնասի հատուցումը և այլևս դատական քաշքշուկներից և դրա համար նախատեսված ծախսերից ազատված կլինի»:

Այս պահին, փաստաբանի խոսքով՝ տուրիստական գործակալությունից կամ օպերատորից որևէ լիցենզիա չի պահանջվում. «Այսինքն՝ հնարավոր է գնալ և 5 րոպեում ձևակերպվել՝ որպես իրավաբանական անձ, բացել ընկերություն ու զբաղվել այդ գործունեությամբ: Չկա որևէ մեխանիզմ, պետությունն այդ ոլորտում որևէ վերահսկողություն չի իրականացնում, և այդ վերահսկողության բացակայությունն է, որ հանգեցնում է տուրիզմի ոլորտի չարաշահումներին: Քաղաքացուն թվում է, որ պետությունը, թույլատրելով այդ կազմակերպության գործունեությունը, պետք է վերահսկողություն իրականացնի այդ կազմակերպության նկատմամբ, և այդ առումով պաշտպանված է, այնինչ պետությունը որևէ վերահսկողություն չի իրականացնում, որով պայմանավորված չարաշահումները հսկայական ծավալի են հասնում»:

Հիմա պետությունը, ըստ փաստաբանի՝ փորձում է օրենսդրական նախաձեռնություն իրականացնել և փոփոխությունների միջոցով փորձել ոլորտը կարգավորել. «Արդյո՞ք այդ փոփոխությունները կապահովեն ամբողջ դաշտի ապահովվածությունը, թե՞ ոչ, կդժվարանամ ասել, որովհետև նախագիծը դեռ քննարկման դրված չէ, բայց այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք փորձում են օրենսդրական փաթեթում ներառել, հույս են տալիս, որ դաշտը փոքր-ինչ կկարգավորվի, և զբոսաշրջիկն ու տուրիստական գործակալությունը, որը խաբելու խնդիր չունի, ապահովված կլինեն: Այստեղ նաև կարելի է մտցնել ապահովագրության ինստիտուտը, տուր-օպերատորը պետք է ունենա լիցենզավորում, և այդ ընթացակարգերի պահպանմամբ այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են խաբեությամբ, այլևս չունենալով լիցենզավորում՝ դուրս կգան դաշտից, և դաշտում կմնան միայն պատշաճ խաղացողները»:

Հ.Գ. «Հայկական Երուսաղեմ»-ից մեզ ասացին, որ իրենց ղեկավարությունը Հայաստանում չէ, և ավելի ուշ պարզաբանում կտրամադրեն:

 

Տեսանյութեր

Լրահոս