Ի՞նչ է խոսելու Սերժ Սարգսյանը Զագրեբում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին աշխատանքային այցով Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում է, որտեղ մասնակցում է նոյեմբերի 19-21-ը տեղի ունեցող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Ինչպես հայտնի է՝ ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ․ համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն: Փաստացի իշխանափոխությունից հետո առաջին անգամ Սերժ Սարգսյանը քաղաքական հստակ օրակարգով արտասահմանյան այց է կատարում։
Նկատենք, որ նա այս մեկուկես տարվա ընթացքում նույնպես զբաղվել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերով՝ ՀՀԿ գրասենյակում քանիցս ընդունելով տարբեր դեսպանների (մասնավորապես՝ երրորդ նախագահն այս ընթացքում ընդունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպաններին), որոնց հետ ունեցել է բավականին կառուցողական և խորքային լուրջ քննարկումներ՝ կապված ՀՀ-ի հետ այդ երկրների հարաբերություններին և ընդհանուր համագործակցության տեսլականին։
Ըստ էության՝ այս շրջանում ՀՀԿ-ն ակտիվ համագործակցել է նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, սակայն կոնկրետ վերջին այս այցը, որը տեղի է ունենում իշխանափոխությունից հետո, կարելի է ասել՝ աննախադեպ է, որովհետև Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, մեկնել է Զագրեբ՝ Եվրոպայում ներկայումս իշխող ամենախոշոր քաղաքական ընտանիքի համագումարին մասնակցելու նպատակով։
Նշենք, որ այս համագումարին ներկա են լինելու բազմաթիվ ազդեցիկ պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նաև պետության ղեկավարներ։
Ս. Սարգսյանի արտասահմանյան այս այցը, չգիտես ինչու, հայկական քաղաքական շրջանակներում արդեն բազմաթիվ կոնսպիրոլոգիական տեսությունների, դավադրապաշտական մոտեցումների ու ամենազանազան մեկնաբանությունների առիթ է դարձել, ինչից արդեն իսկ կարելի է ենթադրել, որ իշխանություններն ուշի ուշով հետևելու են, թե ինչ ուղերձներ է հղելու և ինչ շեշտադրումներով թեզեր է առաջ քաշելու Սերժ Սարգսյանը Զագրեբից:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի ելույթն այդ համագումարին, նախնական տեղեկություններով՝ տեղի կունենա այսօր՝ Հայաստանի ժամանակով 20։30-21։00-ն ընկած ժամանակահատվածում։
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի Զագրեբում նախատեսված ելույթը լուրջ մեսիջ է ոչ միայն՝ հայկական շրջանակներին, այլև՝ ողջ միջազգային հանրությանը․ սա վկայում է այն մասին, որ, թեև մեկուկես տարի առաջ հայ հասարակությունը «Մերժեց Սերժին», այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ ոչ միայն՝ ՀՀ քաղաքական դաշտի, այլև՝ միջազգային հարթակների կողմից ընդունելի կերպար։ Այսինքն՝ սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ոչ միայն «Սերժին չի մերժել», այլև հակառակը՝ հրավիրել է մասնակցելու եվրոպական ընտանիքի համագումարին։
Իսկ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այս շրջանում գտնվում է ՀՀ գործող իշխանությունների թիրախում, և նրա կողմից ցանկացած հանդիպում և այց ընդունվում է բավականին ցավոտ, ակնհայտ է, որ այս այցից հետո կլինեն հերթական գրոհներն ու քննադատությունները նախկինների՝ ՀՀԿ-ի նկատմամբ:
Ի դեպ, ի տարբերություն ՀՀ մյուս նախագահների, ովքեր իշխանությունից հեռանալուց հետո, ցավոք, դադարել են զբաղվել քաղաքականությամբ, Սարգսյանն իր հրաժարականի հաջորդ իսկ օրվանից լայն թափով շարունակել է ակտիվ քաղաքականությամբ ու կուսակցաշինությամբ զբաղվել։
Արմեն Հովասափյան