Քրեակատարողական հիմնարկում կամ բանակում մոլախաղերի համար գումար հավաքելը պատժելի՞ է, թե՞ ոչ. Մարինա Կարապետյանը՝ ԲՀԿ-ին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը չի կարող որակումներ տալ քրեական աշխարհին վերաբերող օրենքին ընդդիմադիր խմբակցությունների քվեարկություններին։ «Եթե մի խմբակցությունը կոնցեպտին կողմ է, բայց ասում է, որ մինչև այդ խնդիրները չշտկվեն, ձեռնպահ է քվեարկելու, ես այդ կոնցեպտին կողմ եմ, իսկ երբ ասվում է, որ կոնցեպտին կողմ են, կա շտկումների անհրաժեշտություն, բայց որևէ առաջարկ չի ներկայացվում և տեղի է ունենում դեմ քվեարկություն, ես դա չեմ հասկանում»,- ասաց Գրիգորյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանը ևս անհասկանալի է համարում «Լուսավոր Հայաստանի» ձեռնպահ քվեարկությունը՝ նկատելով, թե կարող էին կողմ քվեարկել՝ զուգահեռ ներկայացնելով առաջարկներ, ինչը հզոր ազդակ կլիներ, որ իրենք դեմ են երևույթին։

«Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ես որոշ հարցեր չեմ կիսում. ասում են՝ պետք է պատժելի լինի հստակ արարքը. հիմա հարց՝ քրեակատարողական հիմնարկներում կամ բանակում մոլախաղերի համար գումար հավաքելը հստակ արա՞րք է, թե՞ ոչ, պատժելի՞ կարող է լինել, թե՞ ոչ»,- ասաց Կարապետյանը՝ իր հարցն ուղղելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։

Հիշեցնենք, որ այդ օրենքին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ առաջին ընթեցմամբ քվեարկության ժամանակ ձեռնպահ քվեարկեց, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ դեմ։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս