«Արժե պետբյուջեից 905 մլն դրամ վճարել Հրայր Թովմասյանից և մյուսներից  ազատվելու համար». Սուրեն Գրիգորյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ամբողջությամբ լեգիտիմ է համարում այն հարցը, թե ինչո՞ւ պետք է հարկատուն բարձր թոշակ վճարի վաղ կենսաթոշակի գնացող այն դատավորին, որն իր աշխատանքով չի վաստակել այդ թոշակը՝ չաշխատելով անհրաժեշտ տարիները։

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների՝ վաղ կենսաթոշակի գնացող դատավորների համար պետական բյուջեից կվճարվի 905 միլիոն դրամ։

«Ես լրիվ լեգիտիմ եմ համարում այդ հարցը, որը բարձրացվում է քաղաքացիների կողմից՝ այդ գումարների հետ կապված, բայց իրավիճակը ոչ ստանդարտ է, և մենք պետք է գնանք ոչ ստանդարտ լուծումների»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

Հարցին՝ Հայր Թովմասյանից և մյուսներից ազատվելու համար արժե՞ վճարել 905 միլիոն դրամ, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ դա չի արվում անձերի դեմ։

«Անձանց հետ որևէ խնդիր չունենք, հիշեցնեմ, որ անգամ վարչապետն է ասել, որ ինքը Սերժ Սարգսյան անձի հետ խնդիր չունի, ինքը խնդիր ունի Սերժ Սարգսյան քաղաքական ֆենոմենի հետ, նույնն էլ այս պարագայում է: Հետևաբար՝ կարծում եմ, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի՝ անգամ պետական բյուջեից այդ հատկացման հաշվին»,- ասաց  Գրիգորյանը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս