2020 թվականին ջրի գինը չի բարձրանա. բաժանորդները կվճարեն 180 դրամ/խմ սակագնով

«Մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների հաշվում է իրականացվել, կատարվել են ստուգումներ, արդյունքում գումարային սակագինը կազմել է 180.174 դրամ/խմ»,- Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուց­ման սակագների ճշգրտման մասին հարցը քննարկելիս` ներկայացրեց ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

Սակագնային քաղաքականության վարչության պետը նաև նշեց, որ 2019 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ՀԾԿՀ էր ներկայացրել իրենց ծառայությունների մատուցման 2020 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ առաջարկելով բաժանորդներին մատուցվող ծառայությունների սակագների գումարային մեծությունը՝ յուրաքանչյուր խմ-ի համար բաժանորդների վճարած գինը սահմանել 181,807 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Հայտը ներկայացնելուց հետո՝ 2019թվականի սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը, իրականացվել էր մոնիտորինգ ու պարզվել, որ յուրաքանչյուր խմ-ի համար կազմում է 180,174 դրամ (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը):

Արդյունքում՝ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը որոշեց սահմանել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հետևյալ սակագները.

  • խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ՝ ԱԱՀ-ն),
  • ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

Հետևաբար՝ 2020 թվականին քաղաքացիները կշարունակեն 1 խմ ջրի դիմաց վճարել 180 դրամ:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս